Վերջին օրերին աշխարհում ստեղծված իրավիճակն իր ազդեցությունն է թողել կյանքի տարբեր ոլորտների վրա: Չի շրջանցել նաեւ հայ երգիչներին, որոնք ստիպված են եղել փոփոխություններ կատարել իրենց աշխատանքային գրաֆիկում: Նրանց մի մասը հետաձգել է արտասահմանյան համերգները:
Հայկական շոու-բիզնեսի այդ ներկայացուցիչների թվում են Նունե Եսայանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ Ռազմիկ Ամյանը: Նունե Եսայանը պետք է հանդիսատեսին ներկայանար ապրիլի 4-ին Կրեմլում: Օրերս, սակայն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման է ստորագրել, ըստ որի, մինչեւ ապրիլի 10 Մոսկվայում արգելվել են մասսայական բոլոր միջոցառումները, որոնցում նախատեսված է 5 հազար եւ ավելի մարդու մասնակցություն: Երգչուհին համերգի հետաձգման մասին մի քանի օր առաջ հայտնել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ դրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի:
Իր համաշխարհային շրջագայությունն ընդհատելու որոշում է կայացրել Լիլիթ Հովհաննիսյանը: «Dream» խորագրով շրջագայությունը նա սկսել էր 2019թ.: Նախատեսում էր ելույթ ունենալ ԱՄՆ, Ռուսաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների 70 քաղաքներում: Օրերս երգչուհին որոշել է դադար վերցնել:
«Հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, բայց հիմա ինձ համար միայն կարեւոր է ձեր առողջությունն ու անվտանգությունը»,- գրել է նա՝ ավելացնելով, որ համերգների 90%-ը տեղի էր ունեցել եւ մնացել էին մի քանի կարեւոր ելույթներ:
Երեկ՝ մարտի 18-ին, Ռուսաստանում կայանալիք համերգի հետաձման մասին է հայտնեց նաեւ Ռազմիկ Ամյանը: Նա մարտի 28-ին պետք է ելույթ ունենար Կրասնոդարի ռեստորաններից մեկում, սակայն, ինչպես ինքն է նշել, դա հնարավոր չէ Հայաստանում արտակարգ դրության ու Ռուսաստան մուտք գործելու արգելքի պատճառով: Երգիչը նշել է, որ համերգը հետաձգվում է անորոշ ժամանակով եւ ներողություն խնդրել իր հանդիսատեսից: