Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել են այն տնտեսվարողների ցանկը, որոնց գործունեությունը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել է:

Հիշեցնենք, որ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ։


Մասնավորապես արգելքը վերաբերում է առևտրի կենտրոններին, բացառությամբ՝ սնունդ, խմիչքներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրով զբաղվողներին, ինչպես նաև արգելված է բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրությունը, խաղատների աշխատանքը, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպմամբ գործունեություն իրականացնող գրասենյակները:

Ընդհանուր առմամբ այս ցանկում ընդգրկված են 127 տնտեսվարողներ, ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այդ ցանկում են ընդգրկված Երևանի Խորենացի փողոցում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ»-ն, Երևանի Վարդանանց փողոցում գործող «Գնունի» ՍՊԸ-ն կամ «Գնունի շուկան», Երևանի Սաֆարյան փողոցում գործող «Նորքի շուկա» ՍՊԸ-ն, «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը, «Երևանի թիվ 2 շուկա» ՍՊԸ-ն կամ «Գումի» շուկա, «Հայաստան առևտրի կենտրոնը», «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, «Էջմիածնի առևտրի կենտրոնը», ինչպես նաև՝ «Էջմիածնի շուկա» ՍՊԸ-ն, «Վանաձորի շուկա» ՍՊԸ-ն:

Արգելված է նաև «Տաշիր գոլդ» ՍՊԸ-ի, «Արտաշատ պլազա» ՍՊԸ-ի, «Կապանի հանրախանութ» ՍՊԸ-ի, «Տաշիր ինվեստ գրուպի» կամ Խորենացի փողոցում գտնվող հայտնի «Տաշիր» առևտրի կենտրոնի, «Դալմա» ինվեստ ՍՊԸ-ի կամ «Դալմա մոլի», «ՌԻՈ» ՓԲԸ-ի կամ «Ռիո մոլի», «Տուն դեպո» ՍՊԸ-ի, «Վերնիսաժի տոնավաճառի», 9 հասցեներում գործունեություն իրականացնող «Սիթի ՍՊԸ»-ի գործունեությունը: