Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանյան օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչը ողբերգական այս օրերին, երբ մեր բազմաչարչար ժողովուրդը կանգնել է նոր զրկանքների ու տառապանքների առջև, դրսևորեց իր իրական հրեշավոր դեմքը:
Մամուլից տեղեկանում ենք, որ Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ինչպես հայտնի է՝ «բիզնեսով չի զբաղվում», ԱԺ -ում լրագրողներին հայտարարեց, թե չի պատրաստվում վճարել իր աշխատակիցների հարկադիր պարապուրդի գումարը:
Միաժամանակ իր թվաքանակով երկրորդ ԱԺ խմբակցության օլիգարխ նախագահը բառացիորեն հայտարարել է. «Շանգրիլայի հարկերն էլ պետք է պետությունը տա, ժողովրդի աշխատավարձն էլ վճարի»: Պարետի որոշմամբ դադարեցվել են գիշերային ակումբների, խաղատների գործունեությունը: Դադարեցվել է նաև Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան գործունեությունը:
Հասկանալի է, որ եթե Նիկոլ Փաշինյանի վարչախումբը անմիջապես ու ամենակոշտ միջոցներով չհակազդի Դոդի Գագոյի այս դեմարշին, ապա պետք է սպասել, որ բոլոր գործատուները Հայաստանում կհետևեն օլիգարխ պատգամավորի օրինակին, և ոչ ոք իրավունք չունի նրանց դրա համար մեղադրել: Եթե պետության թալանի հաշվին հսկայական հարստություններ դիզած օլիգարխներն են հրաժարվում օգնության ձեռք մեկնել հարազատ պետությանն ու քրտնաջան աշխատանքով օլիգարխիայի հարստությունն ավելացնող աշխատավորներին, ապա դա պարտավոր չեն անել սովորական ձեռներեցները:
Մեծ հաշվով եկել է գորդյան հագույցը՝ օլիգարխիայի գլուխը կտրելու, իսկ օլիգարխների կողմից թալանված ազգային հարստություններն՝ ազգայնացնելու ժամանակը: Եվ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է այդ հանրային պահանջին արձագանքել կտրուկ և վճռական քայլերով»: