Բանական մարդը կարող է COVID-19 հիվանդություն առաջացնող կորոնավիրուսով վարակել մյուս պրիմատներին: Հիվանդության փոխանցման նոր ճանապարհի մասին The Conversation-ին հայտնել է մանրէաբան Արենդ դե Հաասը:
Նա հիշեցրել է, որ վերջին 26 տարում աշխարհում գրանցվել է ինֆեկցիաների 6 բռնկում՝ կապված չղջիկների փոխանցած վիրուսների հետ: Նոր կորոնավիրուսը վիրուսների քիմեր է, որոնց կրողներն են համարվում չղջիկները եւ պանգոլինները:
Մասնագետի խոսքով՝ մակաբույծ վիրուսները, տիրոջ նոր տեսակին վարակելով, բերում են ծանր հիվանդությունների ի հայտ գալուն: Ժամանակի ընթացքում այս հիվանդությունները դառնում են պակաս վտանգավոր՝ կախված այն հանգամանքից, թե մակաբույծն ու տերը ինչպես են մեկը մյուսին հարմարվում:
«Դրա օրինակն է մարդկանց եւ կապիկների միջեւ հիվանդության փոխանցումը, որը, ինչպես ցույց է տրվել, տեղի է ունենում համեմատաբար թեթեւ: Կապիկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վերջինները չափազանց զգայուն են մարդու շնչառական վիրուսներով վարակվելու հանդեպ,- պնդում է մանրէաբանը:
Փորձագետի խոսքով՝ գորիլաներն ու շիմպանզեներն, օրինակ, կարող են մարդուց հեշտությամբ վարակվել մրսածության վիրուսներով: Ճիշտ նույն կերպ պրիմատները, մասնավորապես օրանգուտանները կարող են մարդուց վարակվել նաեւ նոր կորոնավիրուսով: Դա թույլ չտալու համար մասնագետը կոչ է անում սահմանափակել մարդկանց հասանելիությունը այս կենդանիների բնակության վայրերին, օրինակ՝ ազգային արգելոցներին: