(Երևան Ջուր ՓԲԸ գործունեության արդյունքները. 2013թ. հունիսը 2012թ. հունիսի նկատմամբ) Ամառը, ինչպես միշտ, ամենալարված ժամանակաշրջանն է Երևան Ջուր ընկերության համար: Շոգ եղանակների պատճառով զգալիորեն ավելացել է ջրի սպառումը ընկերության սպասարկման տարածքում, որով պայմանավորված Երևան մուտք գործող ջրի ծավալը մայիս ամսվա համեմատ աճել է վայրկյանում մոտ 530 լիտրով: Դրա հետ կապված էլեկտրաէներգիայի սպառումն է ավելացել օրական 27 հազար կվտ.ժ-ով: Իհարկե, այս ամենը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում և ոչ քիչ ծախսերի հանգեցնում, սակայն ընկերության համար գլխավորը ներկայումս այնուամենայնիվ բաժանորդների կարիքները բավարարելն է, մայրաքաղաքում կայուն ջրամատակարարում ապահովելը, ինչը ենթադրում է բաշխիչ ցանցի կառավարելիության համապատասխան մակարդակ և պահանջում համակարգի հետագա տեխնիկական զարգացմանն ուղղված աշխատանքների շարունակականություն: Հունիսին տվյալ նպատակով իրականացված գործունեության արդյունքում կառուցվել է 234 մետր նոր ջրագիծ, փոխարինվել՝ 271 մետր ջրագիծ և շահագործումից հանվել 4002 մետր վթարված ջրագիծ: Այդ նույն ժամանակամիջոցում վերացվել է 508 բազմապիսի ջրագծի վթար, որի արդյունքում հնարավոր է դարձել տնտեսել վայրկյանում 64,5 լիտր ջրաքանակ, ինչպես նաև 1416 վթար ջրահեռացման համակարգում և 280-ը՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 29 փական և 2 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 99 ջրաչափական հանգույց, մաքրվել է 11 դիտահոր և 627 անձրևաընդունիչ: Այս բոլոր՝ մի քանի տասնյակ անուն աշխատանքների շնորհիվ, որոնք, ի դեպ, առանձնապես չեն տարբերվում տարվա մյուս ամիսներին իրականացվող աշխատանքների ծավալներից, հունիսին Երևանում 7.00-24.00 ժամանակամիջոցում 17 և ավելի ժամ ջրամատակարարմամբ ապահովված է եղել սպառողների 95 տոկոսը, պահանջվող 86,3 տոկոսի փոխարեն: Իսկ «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1483 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Նույն ամսին ջրի սպառման վերահսկման նպատակով իրականացված աշխատանքների արդյունքում ընկերության կողմից կազմվել է 804 տարաբնույթ խախտման ակտ, որոնցից 56-ը վերաբերում է ապօրինի ջրամիացումներին:  Շարունակվել է ջրի վաճառքի կանոնակարգումը, այդ թվում ջրաչափերի տեղադրման միջոցով, ինչը հաշվետու ժամանակամիջոցում բերել է ջրի իրացման ավելացմանը մոտ 250 հազար խոր. մետրով. մի հանգամանք, որը կարևորագույն ֆինանսական նշանակություն ունի համակարգի հետագա կայուն շահագործման ապահովման և ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև»’ կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. հունիս ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ (2008թ. տվյալները համեմատության համար են):