Նոր կորոնավիրուսային հիվանդության ի հայտ գալուց ի վեր մարդկանց ամենաշատը հետաքրքրում է վարակման ուղիները:
Կորոնավիրուսը թեև նշվում է, որ մարդկանց անցել է չղջիկներից, բայց սա հաստատված փաստ չէ և մինչ այժմ կենդանուց մարդուն փոխանցվելու որևէ դեպք հայտնի չէ: Վիրուսի փոխանցման միակ հայտնի ձևը մարդկանցից վարակվելն է: Ինչպես շատ այլ շնչառական հիվանդություններ, այնպես էլ կորոնավիրուսը տարածվում է, երբ վարակված մարդը հազում կամ փռշտում է, ինչի հետևանքով դուրս են գալիս փոքրիկ կաթիլներ:
BBC-ի փոխանցմամբ մեկանգամյա հազը կարող է արտադրել մինչև 3000 նմանատիպ կաթիլներ: Եվ այդ փոքր մասնիկները կարող են հայտնվել մարդկանց հագուստին, ինչպես նաև նրանց շրջապատող առարկաների վրա, այդ թվում որոշ փոքր մասնիկներ էլ կարող են օդում մնալ: Ըստ մասնագետների` նման աերոզոլում նոր կորոնավիրուսը կարող է գոյատեւել առնվազն 3 ժամ: Օդում հայտնվելուց հետո 66 րոպե է պահանջվում, որպեսզի վիրուսի կենսունակ մասնիկների քանակը 2 անգամ կրճատվի: Իսկ 3 ժամ անց կենդանի մասնիկների քանակը կարող է կազմել սկզբնականի 12.5 տոկոսը: Այսինքն կորոնավիրուսով վարակված անձի փռշտալուց կամ հազալուց հետո, եթե բերանը չի փակել դիմակով կամ պաշտպանիչ այլ մակերեսով, ապա անգամ 3 ժամ հետո տվյալ միջավայրում վարակվելու հավանականություն կա: Ընդ որում վարակակրից 4,5 մետր հեռավորության վրա գտնվող մարդիկ ևս կարող են վարակվել: Իհարկե խոսքը վերաբերում է փակ տարածություններին:
Վիրուսն ամենաշատը մնում է պլաստիկից և չժանգոտվող պողպատից մակերեսների վրա: Որոշ հետազորությունների արդյունքում այս մակերեսների վրա կորոնավիրուս հայտնաբերվել է անգամ 3 օր հետո: Սակայն վիրուսի մասնիկների ուղիղ կեսը պլաստիկի վրա ոչնչացել է 5 ժամ 38 րոպե հետո, չժանգոտվող պողպատի վրա` 6 ժամ 49 րոպե հետո: Չժանգոտվող պողպատն հաճախ է օգտագործվում բժշկության մեջ, դա է պատճառը, որ հիվանդանոցներում առավել զգոն պետք է լինեն ու շատ հաճախ ու մանրակրկիտ ախտահանեն ամեն ինչ:
Կորոնավիրուսը կարող է գոյատևել ստվարաթղթե առաքման տուփի վրա առնվազն մեկ օր և նույնիսկ ավելի երկար:
Վարակն ամենաքիչն ապրում է պղնձի վրա։ Այն վերացել է ընդամենը 4 ժամ անց:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնել էր. «Մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր: Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա»։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, նոր կորոնավիրուսը մարդու շնչառական ուղիներում ապրում է մոտ 37 օր։ Դա զգալիորեն ավելի երկար է, քան կարանտինի հաստատված 2 շաբաթ ժամկետը։ Այլ կերպ ասած առաջին նշաններն ի հայտ գալուց հետո մարդը կարող է վարակի աղբյուր հանդիսանալ անգամ 5 շաբաթ հետո:
Գիտնականները պացիենտների շնչառական ուղիներում վիրուսի ՌՆԹ են գտել միջինը 20 օր հետո այն բանից, երբ նրանք առաջին անգամ հիվանդացել են։ Վարակիչ լինելու ամենակարճ ժամկետը կազմել է 8 օր, իսկ ամենաերկարը՝ 37 օր։