Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ հայտարարել է, թե ինքն՝ անձամբ որքան երջանիկ է իրենց նոր՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման փաստից։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կլոպը նշել է, որ հայ ռմբարկուն չի դադարում հաճելիորեն զարմացնել իրեն՝ մարզումների ժամանակ։

«Բոլորովին մտավախություն չունեմ, որ մեր նորեկները կարող են հայտնվել ուժգին ճնշման տակ, նկատի ունենալով այն, որ մենք նրանց տրանսֆերների դիմաց քիչ գումարներ չենք վճարել։ Բարեբախտաբար, Մխիթարյանն ու Օբամեյանգը դեռևս չեն կարող գերմաներենով ծանոթանալ տեղի մամուլի հրապարակումներին։

Ես՝ ինքս առանց հուզական արցունքների չեմ կարող հետևել Մխիթարյանի՝ մարզումների ժամանակ կատարվող գործողություններին։ Նրան բնորոշ է տեխնիկան, բարձր տեմպն ու անհրաժեշտ դինամիկան...Բացի այդ, նա շատ վտանգավոր է մրցակցի դարպասի մատույցներում։ Եվ այդ ամենն՝ ընդամենը 24 տարեկան հասակում»,-հայտարարել է դորտմունդցիների մարզիչը։

Հիշեցնենք, որ երեկ, հուլիսի 16-ին, «Բորուսիա»-«Լուցերն» ստուգողական հանդիպման ժամանակ (4:1), Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել, հեղինակած գոլից հետո անհաջող վայրէջք կատարելիս։

Այսօր ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի, որի արդյունքներով էլ՝ հայտնի կդառնա հայ կիսապաշտպանի վնասվածքի լրջությունը։