Covid-19-ի դեմ պայքարում ամբողջ աշխարհի բժշկական անձնակազմը շատ բարձր գին է վճարում: Հազարավոր բուժաշխատողներ վարակվել են վիրուսով, իսկ մահացած բժիշկների թիվը կայուն աճ է գրանցում, գրում է BBC-ն:

Բժիշկները, բուժքույրերը, բուժեղբայրները և հիվանդանոցի մյուս աշխատակիցները ամենախոցելի խումբն են՝ չնայած պաշտպանիչ հանդերձներին և դիմակներին: Եվ նրանց հիվանդությունը նույնպես առավել ծանր ձևով է ընթանում:

Ինչու՞ է այդպես.

Վիրուսային ծանրաբեռնվածությունը

Ըստ մասնագետների, դա հիմնականում պայմանավորված է նրանց շուրջ առկա վիրուսի կոնցենտրացիայով:

Մարմին մտնելուց հետո վիրուսը վարակում է բջիջները և սկսում է ինքն իրեն վերարտադրել, ստեղծում է իր պատճենները: Այս պատճենները առաջիկա մի քանի օրերի ընթացքում կուտակվում են մարդու մարմնում ՝ սրելով հիվանդի վիճակը:

Որքան բարձր է վիրուսի կոնցենտրացիան, այնքան ավելի մեծ է հիվանդի կողմից վիրուսի փոխանցման հավանականությունը:Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաղորդած տվյալների համաձայն, Չինաստանի Ուհան քաղաքում հիվանդը, որին վիրահատել են, վարակել է 14 բուժաշխատողների, թեև այդ պահի դրությամբ նա դեռևս չի ունեցել կորոնավիրուսի ախտանիշ:

Covid-19 ունեցող անձի դեպքում վիրուսը կարող է նստել վերին շնչուղիների շրջանում և տարածվել շնչառության կամ հազի միջոցով:

Այս կաթիլներից մի քանիսը մակերեսների վրա են տեղակայվում, հետևաբար՝ անհրաժեշտ է հեռավորություն պահպանել ու հետևել ձեռքերը լվանալու պահանջներին:

Հայտնի չէ, թե որչափ պետք է մարդը դիպչի այդպիսի վարակված կաթիլներին, որ վարակի ինքն իրեն:

Ռիսկն առաջին պլանում է

Այս պահին անհնար է բժշկական անձնակազմի համար ճշգրտորեն սահմանել ռիսկերը, որոնք անընդհատ վիրուսային միջավայրում են գտնվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) միայն որոշ տվյալներ կան, որոնք կարող են օգտագործվել որոշակի հետևություններ անելու համար: Օրինակ ՝ 2002-2003 թթ. SARS-ի բռնկման ժամանակ աշխարհում հաստատված բոլոր դեպքերի 21%-ը կազմում էին բժշկական անձնակազմի անդամները:


Իտալիայում, օրինակ, կորոնավիրուսով վարակված ավելի քան 6.200 բժիշկ կա: Երկրում գրանցված վարակի դեպքերի ընդհանուր թիվն ավելի քան 120 հազար է:

Իսպանիայում ներկայումս կա ավելի քան 6.500 Covid-19-ով վարակված մարդ, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 12%-ը:

Մարտի սկզբին Չինաստանը հաղորդել էր մոտավորապես 3.300 վարակված բժիշկների և հիվանդանոցների անձնակազմի անդամների մասին:

Թույլ պաշտպանվածություն

Հենց այս հավանականությունն է զայրացնում մի շարք երկրների բուժաշխատողներին, քանի որ նրանց մոտ չկան անձնական պաշտպանության միջոցներ:

Ֆրանսիայում բժիշկները դատական հայց են ներկայացրել կառավարության դեմ, քանի որ, ըստ նրանց, վերջինս չի հրամայել բարձրացնել բժշկական դիմակների արտադրությունը, ինչը սպառնում է հենց բժիշկներին:

Զիմբաբվեի բժիշկներն ու բուժքույրերը անձնական պաշտպանության միջոցների բացակայության հետևանքով գործադուլ հայտարարեցին այն ժամանակ, երբ երկրում եռամսյա արտակարգ դրություն մտցվեց:


Մեծ Բրիտանիայում առողջապահության աշխատողների կոնֆեդերացիայի գործադիր տնօրեն Նիլ Դիքսոնը հայտարարել է, որ պաշտպանվելու միջոցների բացակայությունը խաթարում է համակարգի բժիշկների և բուժքույրերի վստահությունը:

Չնայած երկրի իշխանությունները բուժաշխատողներին բժշկական դիմակներ բաժանելու համար դիմել են բանակի օգնությանը, այնուամենայնիվ, «կորցրած վստահությունը վերականգնելու համար որոշ ժամանակ կպահանջվի»,- ասել է Դիքսոնը:

«Մեկ այլ խնդիր է, որ այդ ապրանքների արտադրությունը կենտրոնացած է Ասիայում և Չինաստանում,- ընդգծել է Դիքսոնը։- Եվ առաջիկայում Չինաստանի համար շատ դժվար կլինի անհրաժեշտ քանակությամբ մատակարարում ապահովել»: