Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում  «Երեւան սիթի տուր»  ծրագրի միջոցով 2013-ի մայիսից մինչեւ հուլիսի 15-ն  ընկած ժամանակահատվածում Երեւանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվել է շուրջ 1400 զբոսաշրջիկ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարի «Երեւան սիթի տուր»-ն աշխատանքն սկսել է մայիսի 1-ից: Միայն հունիսի ընթացքում զբոսաշրջային երթուղու ավտոբուսներով շրջել եւ մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին ու տեսարժան վայրերին ծանոթացել են 450 անձինք: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը 411 էր:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ ծրագրից օգտվողների զգալի մասը օտարերկրյա զբոսաշրջիկներն են: «Երեւան սիթի տուր»-ը նաեւ սփյուռքահայ եւ  ՀՀ մարզերից Երեւան այցելած շատ մարդկանց զբոսաշրջային քարտեզում է:

Շուրջ 2 ժամ տեւողությամբ մայրաքաղաքային էքսկուրսն ընդգրկում է 8 կանգառ: Մայրաքաղաքի վերաբերյալ մատուցվող տեղեկատվությանը զբոսաշրջիկները ծանոթանում են  6 լեզվով:

Երեւան այցելել պատրաստվող եւ արդեն իսկ մայրաքաղաք այցելած բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն ունեն շրջել «Երեւան սիթի տուր» ծրագրի ավտոբուսներով, առավել մանրամասն տեղեկատվություն այդ մասին կարող են ստանալ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: