Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի փոխել COVID-19 կորոնավիրուսային վարակի պանդեմիայի ընթացքում բժշկական դիմակների օգտագործման հիմնական ցուցումները. դրանք պետք է կրեն բժիշկներն ու հիվանդները: Այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը:
«Մենք գիտենք, որ շատ պետություններում քննարկում և խորհուրդ են տալիս բնակչությանը բժշկական և ոչ բժշկական դիմակներ կրել՝ COVID-19 -ի տարածումը կանխելու նպատակով: Առաջին հերթին, բժշկական դիմակներ պետք է կրեն բուժաշխատողները, որոնք աշխատում են առաջնագծում»,- ասել է նա:
Ըստ նրա, դա անհրաժեշտ է բժիշկներին վարակից պաշտպանելու համար: Սակայն դիմակների պաշարները քիչ են:
«Մենք մտավախություն ունենք, որ բնակչության շրջանում դիմակների օգտագործումը կարող է ավելի խորացնել բժշկական դիմակների պակասը, ինչը կարող է վտանգել բժիշկների կյանքը: Խորհուրդ ենք տալիս բժշկական դիմակներ օգտագործել վարակվածներին և նրանց խնամող անձանց»,- հավելել է ԱՀԿ գլխավոր տնօրենը: