Դեղ արտադրողներին ուղղված նամակում Եվրահանձնաժողովն ահազանգում է․ առաջիկա օրերին հիվանդանոցներում Covid-19-ով ծանր հիվանդների բուժման համար դեղորայքը կարող է վերջանալ, գրում է գերմանական Die Welt պարբերականը, փոխանցում է tert.am-ը:
Խոսքը սեդատիվ դեղամիջոցների, ցավազրկողների, վերակենդանացման համար նախատեսված դեղամիջոցների, մկանները հանգստացնող դեղերի և հակաբիոտիկների մասին է:
«Նամակում առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը, մատնանշելով խնդրի «ծայրահեղ հրատապությունը», մի շարք եվրոպական դեղագործական արդյունաբերության ասոցիացիաների կոչ է արել ընկերություններին խրախուսել մեծացնել այդ դեղերի արտադրությունը»,- մեջբերում է հրատարակությունը։
Եվրահանձնաժողովի նամակից հետևում է նաև, որ եվրոպական որոշ երկրներում՝ մասնավորապես Իսպանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Ավստրիայում, ծանր վիճակում գտնվող հիվանդներին բուժելու համար նախատեսված որոշ դեղորայքներ արդեն վերջացել են։
Լրագրողական հետաքննությունների լոնդոնյան բյուրոյի տեղեկություններով՝ դեղորայքի պակասը կհանգեցնի նրան, որ Covid-19-ով հիվանդների բուժման համար կլինիկաները այլ, դեռևս առկա այլընտրանքային դեղորայքների օգտագործմանը կանցնեն, որոնցից շատերն ավելի ուժեղ ազդեցություն ունեն։ Սա կարող է հանգեցնել բուժման որակի վատացմանը։