Իտալիայում շաբաթվա ընթացքում նվազում է COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը վերակենդանացման բաժանմունքներում: Օրվա ընթացքում մահացության դեպքերի թիվը նույնպես զգալիորեն նվազել է: Այս մասին հաղորդում է ANSA-ն՝ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներին հղումով:

Այսպես, Իտալիայում 24 ժամում մահացել է 570 մարդ՝ նախորդ օրվա 610-ի համեմատ: Վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը նվազում է վեցերորդ օրն անընդմեջ. անցած օրվա ընթացքում ևս 108-ով:

Այժմ վերակենդանացման բաժանմունքներում կա 3497 հիվանդ: Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 28.242 մարդ:


Վերջին 24 ժամում ապաքինվել է 1985 մարդ, իսկ նախորդ օրը՝ 1979:

Նոր հիվանդների թիվը զգալի աճից հետո կրկին նվազել է: 24 ժամում գրանցվել է 3951 դեպք, իսկ ապրիլի 9-ին՝ շուրջ 4204:

Իտալիայում համաճարակի սկզբից ի վեր ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 147.577 մարդ. մահացել է 18.849 մարդ, ապաքինվել են 30.455-ը:

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր Եվրոպայում համաճարակի դանդաղեցման մասին: Կազմակերպությունը դրական միտում է նկատել Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում: