Իսրայելն առաջին տեղն է զբաղեցրել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամենաանվտանգ երկրների վարկանիշում, եռյակի մեջ են նաեւ Գերմանիան եւ Հարավային Կորեան։ Այս մասին են վկայում Deep Knowlegde Group-ի հետազոտությունները։
Հրապարակված արդյունքների համաձայն, վարկանիշի առաջին տասնյակում նաեւ ընդգրկվել են Ավստրալիան, մայրցամաքային Չինաստանը՝ Թայվանի եւ Հոնկոնգի հետ միասին, Նոր Զելանդիան, Սինգապուրը եւ Ճապոնիան։ Հայաստանը 40 երկրներից բաղկացած ցուցակում չկա։
Բացի այդ, DKG-ը ներկայացրել է համավարակի պայմաններում ռիսկի ենթարկված 20 երկրների վարկանիշը, որի առաջին հնգյակում են Իտալիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Ֆրանսիան։ Դրանց հետեւում են Շվեդիան, Իրանը, Էկվադորը, Ֆիլիպինները եւ Ռումինիան։ Ռուսաստանը այդ վարկանիշում 12-րդ տեղն է զբաղեցնում։
Վարկանիշները հաշվարկելիս մասնագետները ուշադրություն են դարձրել այն տեղեկատվությանը, թե երբ են ուժի մեջ մտել տեղաշարժի սահմանափակումները եւ դրանց մասշտաբները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բացի այդ, դիտարկվել են կարանտինի տեւողության տվյալները, դրա խախտման դեպքերը, ինչպես նաեւ պետության կողմից տնտեսական աջակցության միջոցառումները։ Հետազոտության հեղինակները ուշադրություն են դարձրել, թե կա արդյոք այդ երկրներում լայն հասանելիություն կորոնավիրուսի թեսթավորմանը, ինչպես նաեւ առողջապահության համակարգի պաշարների քանակին, եւ պետության կողմից սահմանված այլ արտակարգ միջոցառումներին։