«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսպիսով, Արցախն ունի նոր ընտրված նախագահ։ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների մոտ 88 տոկոսը։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցել է 47165 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 45%-ը, Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 ընտրող կամ 12%-ը, Արայիկ Հարությունյանի օգտին` 39860 ընտրող կամ 88%-ը։ Իսկ երբ է Արայիկ Հարությունյանը ստանձնելու իր պարտականությունները։
Արցախի Սահմանադրության 91-րդ հոդվածը սահմանում է․ «Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:
Իսկ Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչև մայիսի 19-ը երկու կառույցներն էլ՝ խորհրդարանն էլ, նախագահական ինստիտուտն էլ գործելու են և ԱԺ հատուկ նիստն ու հետևաբար լիազորությունների ստանձնումը տեղի կունենա մայիսի 20-ից։
Իսկ ինչ կադրային քաղաքականություն է վարելու նորընտիր նախագահը. երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա ներկայացրեց այն չափանիշները, որոնցով առաջնորդվելու է, սակայն մեր տեղեկություններով, այս պահին դեռ վերջնական որոշում առկա չէ՝ ովքեր կգնան կամ կմնան, դա պարզ կլինի առաջիկայում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: