Տրանսպորտային վիճակի բարելավում ասելով չպետք է միայն հասկանալ վարորդի սափրման կամ մաքրության հարցը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Պետք է ուշադրություն դարձվի մեքենաների վիճակին, առավոտյան և երեկոյան ժամերին նորմալ ռիթմով աշխատելուն», - նշեց նա, հավելելով, որ մինչև տարվա վերջ կավելանա ևս հարյուր ավտոբուս:

Նա նշեց, որ կա նաև վարորդական անձնակազմի պակասի խնդիր և հարցը պետք է լուծվի վերջիններիս աշխատավարձի բարձրացման միջոցով:
Իսկ վերջում քաղաքապետի խորհրդական Արբելտ Գևորգյանը նշեց, որ այսօր ժամը չորսին տնտեսավարողների հետ կկայանա խորհրդակցություն և կքննարկվի լուրջ հարցեր, որպեսզի բարելավվի որակը:
«Արգելելու ենք միկրոավտոբուսներով գերբեռնված շարժվելը և ավելանալու են ավտոբուսների քանակը», - նշեց նա:

Ասուլիսի ընթացքում «Իսաբ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Մինասյանը նշեց, որ իրենք 2008 թվականից դիմել են ուղեվարձի վերանայման համար:  Անդրադառնալով չգերբեռնված լինելուն, նա նշեց, որ չգերբեռնված լինելու համարի անհրաժեշտ է վարորդների համապատասխան քանակ, որն այս պահին չկա:

«Դ կարգի վարորդական իրավունք ունեցողները քիչ են, մենք ուզում ենք ընդունել երկու վարորդ, որ մի վարորդը աշխատի ութ ժամ», - նշեց նա: