InfoPort.am-ի խմբագրություն են ահազանգել երևանյան պոլիկլինիկաներից մեկի մի խումբ բուժաշխատողներ` բողոքելով պարգևավճարների բաշխման մեխանիզմի անարդարությունից:

Բանը նրանում է, որ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված շատ բուժաշխատողներ այս օրերին, մտահոգվելով իրենց առողջության մասին, գերադասեցին մնալ տանը և օգտվել իրենց հասանելիք արձակուրդից, իսկ որոշ դեպքերում, երբ այն արդեն ավարտվել է, նրանցից շատերը վերցրել են չվճարվող արձակուրդ:

Ընդ որում արձակուրդ գնալը պայմանավորված չի եղել այդ բուժաշխատողների ռիսկային և թիրախային խմբերում լինելու փաստով: Որոշ դեպքերում արձակուրդ են գնացել երիտասարդ տղամարդիկ, իսկ աշխատանքի հաճախել տարեցները, կամ մանկահասակ երեխաներ ունեցող կանայք:

Այս իրավիճակում աշխատանքի հաճախող բուժաշխատողները ստիպված են եղել աշխատել ոչ միայն իրենց առողջությունը վտանգելով, այլ նաև կրկնակի ծանրաբեռնվածությամբ, ինչպես ասվում է «за себя и за того парня».

Եվ ահա, երբ եկել է մարտ ամսվա պարգևավճարները բաշխելու պահը, տվյալ բուժհաստատության տնօրենը, չգիտես ինչ տրամաբանությամբ, որոշել է գումարը հավասարապես բաշխել այս դժվարին օրերին աշխատած և չաշխատած բուժաշխատողների միջև, ինչը արդարացի վրդովմունք է առաջացրել իրենց առողջությունը վտանգող և լարվածության մեջ աշխատող անձնակազմի մոտ: