Իրանում դեռ չեն կարող ասել կորոնավիրուսի տարածումը մոտեցել է պիկին, թե ոչ, թեև վարակվածների և մահվան դեպքերի թիվը նկատելիորեն նվազել է վերջին օրերին։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի ասել՝ պիկն անցել է, թե ոչ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։


Երկրում արտակարգ դրություն չի գործում, կիրառվում են որոշ սահմանափակումներ, չեն աշխատում ռեստորանները, սրճարանները, մզկիթները, եկեղեցիները, չեն լինում հավաքական աղոթքներ, փակ են ուսումնական հաստատությունները և բոլոր այն վայրերը, որոնք հասարակական բնույթ ունեն։

Մեկ օրվա ընթացքում Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակված 1512 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 76․389 հոգի, մեկ օրվա ընթացքում 94 մահ։ իրանում մահերի թիվը հասել է 4777-ի։ Մինչ այս պահը 49․933 հիվանդ բուժվել և դուրս է գրվել։ Այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում 3643-ի վիճակը։

Մովսես Քեշիշյանը տեղեկացրեց, որ Սպահանում կորոնավիրուսով վարակված 40 տարեկան հայը բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցից:

Ըստ վերջին տվյալների՝ մինչև այժմ իրանահայ համայնքում կորոնավիրուսի վարակման հետևանքով գրանցված մահացությունների թիվը հասել է 14-ի, որոնցից վեցը ունեին տարբեր խրոնիկ հիվանդություններ:

Նա նշեց նաև, որ այս տարի Իրանում հունիսի 3-ին չի կայանալու հեղափոխության առաջնորդի մահվան տարելիցի արարողությունը։