ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց հետևյալը․ «Ուզում եմ հավատացած լինեք, որ ձեզնից շատ եմ շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ։ Ոչինչ չունեմ թաքցնելու, և երկրորդ՝ եկել է այն ժամանակը, երբ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին։ Ելնելով սրանից՝ դիմել եմ հանձնաժողովին իմ մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց այն անցկացնել 16-ին ու ինչպես հայտնի է՝ արտակարգ դրությունն էլ երկարացվեց։ Փաստորեն այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ հանրությանը։ Խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից հետո կհրավիրեմ լրատվամիջոցներին ու միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր հարցերին»,- ասաց նախկին նախագահը։ Նա նշեց, որ իր գրասենյակն այսօր հայտարարություն կտարածի։