Մնում է կառավարելի

 Մեր առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել:

Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում:

 Շնորհակալության բուժաշխատողներին

 Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին եւ ես կրկին ուզում եմ շնորհակալության հայտնել եւ գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված մնալով սեփական ընտանիքներից: Շնորհակալ ենք ձեզանից, առողջապահության համակարգի սիրելի աշխատողներ, սիրելի բուժաշխատողներ եւ ծափահարում ենք ձեզ:

 Կորոնավիրուսը չի անհետանալու

 Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ:

 Մեր ռազմավարական խնդիրը, ըստ այդմ, հետեւյալն է. այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում:

 Հետեւաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ եւ արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռքբերելու նպատակով: Ի՞նչ է սա նշանակում գործնականում:

 Գործատուների պատասխանատվությունը

 Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում: Բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները:

 Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաև իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար եւ կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար:

 Չվարակվելու բանաձեւը

 Ուզում եմ բանաձեւ առաջարկել, որի կիրառման պարագայում կկարողանանք երաշխավորել ինքներս մեզ եւ մեր հարազատներին: Ըստ այդմ՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել 3 պարզագույն կանոն. առաջինը իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն:

 Երկրորդ. դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով. այս պարագայում նկատի է առնվում օճառով լվացված կամ սպիրտային հենքով ախտահանիչ միջոցներով ախտահանված ձեռքերը:

 Հաջորդ պայմանը՝ միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է:

 Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով չվարակվելուց: Ահա փաստորեն երեք կանոն, որոնք կլուծեն խնդիրը, բայց այդ կանոնները պահպանելու համար մեզնից առանձնահատուկ եւ հավաքական ջանքեր են պահանջվում: Ես նկատի ունեմ ինչպես մեր ու մեր ընտանիքների, այնպես էլ հանրային սննդի ոլորտի եւ գեղեցկության սրահների ոլորտում աշխատող տնտեսվարողների ջանքերը:

 Նոր ռեֆլեքսներ

 Կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ եւ նույնիսկ նոր ռեֆլեքսներ: Ի վերջո, մեր վարքագծի բազմաթիվ կանոններ, բազմաթիվ ռեֆլեքսներ ձեւավորվել են ժամանակի ընթացքում, տարբեր գործոնների ազդեցության ներքո եւ թերեւս հիմա ապրում ենք այդպիսի ժամանակներ, երբ իրավիճակը անխուսափելիորեն փոփոխություններ է մտցնելու մեր սովորույթների, շփման ձեւերի, առօրյա շարժուձեւերի մեջ: