Նախկինում COVID-19-ի գլխավոր ախտանիշներ էին համարվում հազը, շնչառության դժվարությունը եւ ջերմությունը: Բայց վերջին շրջանում ավելի հաճախ է հայտնի դառնում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր եւ անսպասելի ախտանիշների մասին:
ProHealth Care Associates-ի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի պետ, բժիշկ Դենիել Գրիֆինը պնդում է, որ պարեսթեզիայի երեւույթը (զգայունության խանգարման տեսակ, որն արտահայտվում է մաշկի այրոցով, ծակծկոցով, սարսռմամբ եւ այլ կերպ) կարող է լինել կորոնավիրուսով վարակման նշան:
Ինչպես հայտնում է New York Post-ը, այս խանգարումը լավ հայտնի է շաքարային դիաբետով եւ որոշ աուտոիմունային հիվանդություններով տառապող մարդկանց: Սակայն նույն ախտանիշներից են գանգատվել նաեւ COVID-19-ով մի շարք պացիենտներ. նրանք նկարագրել են այրոցի, ասեղների ծակծկոցի, մաշկի վրա թեթեւ հոսանքահարման զգացողություններ: Այսպիսի զգացողություններ կարող էին առաջանալ մարմնի տարբեր մասերի վրա եւ տարբեր ինտենսիվություն ունենալ:
Մասնագետի խոսքով՝ այսպիսի ախտանիշները կարող են լինել իմունային համակարգի գործունեության հետեւանք:
«Հակամարմինները, որոնք օրգանիզմն օգտագործում է COVID-19 ինֆեկցիայից պաշտպանվելու համար, կարող է խախտել նյարդային համակարգի աշխատանքը՝ առաջացնելով անսովոր, ներառյալ ոչ այնքան հաճելի զգացողություններ»,- պարզաբանել է բժիշկ Գրիֆինը:
Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ունենալ նաեւ այլ նյարդաբանական ախտանիշներ, այդ թվում՝ ձեռքերի եւ ոտքերի ծակծկոց կամ ընդարմացում, հայտնում է Harvard Health-ը:
Մասնագետները նշում են նաեւ հետեւյալ նյարդաբանական խախտումները, որոնք կարող են լինել կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտանիշներ.
Հոտառության եւ համը զգալու ունակության կորուստ
Մկանային թուլություն
Գլխապտույտ
Գլխում «մշուշ»
Ուժասպառություն
Զառանցանք
Ջղակծկումներ