ԱՄՆ-ից մասնագետները հաստատել են վարկածը, որի համաձայն՝ COVID-19-ով վարակված մարդկանցից շատերը, որոնք ախտանիշներ չունեն, կարող են շրջապատողներին վարակել:

Մինչեւ վերջին ժամանակները կարծիք կար, որ գերազանցապես օդակաթիլային ճանապարհով տարածվող նոր կորոնավիրուսը բխում է հիմնականում նրանցից, ովքեր հազում կամ փռշտում են: Սակայն Դեւիսի Կալիֆոռնիական համալսարանի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ այն կարող են տարածել նաեւ ախտանիշներ չունեցող մարդիկ, ավելին՝ անհրաժեշտ չէ, որ նրանք փռշտան կամ հազան՝ միանգամայն բավարար է ուղղակի խոսելը:

«Մարդկանց նորմալ խոսքը, որոնք ախտանիշներ չունեն, բայց կորոնավիրուսով վարակված են, կարող է արտադրել վարակի փոխանցման համար բավարար աերոզոլային մասնիկներ»,- ասել է համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Ռիստենպարտը:

Մասնագետի խոսքով՝ վիրուսի շարժմանը հետեւելու եւ վերահսկելու փորձերը դժվարանում են այն հանգամանքով պայմանավորված, որ բնակչության լայն շերտեր կարող են COVID-19-ով ախտահարված լինել՝ առանց ախտանիշների առկայության: Երբ նրանք խոսում են, օդի մեջ են ընկնում բավարար քանակությամբ աերոզոլային մասնիկներ, որոնք վիրուսներ են պարունակում:

Ավելին՝ տվյալներ կան, որ մարդը որքան բարձր է խոսում, այնքան շատ է իր շուրջ նման մասնիկներ արձակում: Որոշ մարդիկ անգամ համարվում են «գերաղբյուրներ», որոնք մինչեւ 10 անգամ ավելի շատ մասնիկներ են արտադրում, քան մյուսները: Առայժմ հայտնի չէ, թե ինչու:

Պրոֆեսոր Ռիստենպարտի խոսքով՝ աերոզոլներն ուսումնասիրող գիտնականները կարող են պարզել, թե արտանետվելուց հետո մասնիկները որքան հեռու են տեղաշարժվում, ինչպես է դրանց վրա ազդում սենյակում օդի շարժումը եւ որքան արագ են դրանք նստում ծանրության ուժի ազդեցությամբ: Այս ամենը թույլ կտա ավելի լավ հասկանալ կորոնավիրուսի բնույթը եւ պաշտպանվել դրա հնարավոր հաջորդ բռնկումներից: