Ռիսկի խմբում չներառվող պացիենտների մոտ կորոնավիրուսի ծանր տեսակի պատճառը գենետիկ հակվածությունն է։ Այս մասին նշել է ֆրանսիացի իմունոլոգ Ժան–Լորան Կազանովան Le Monde–ին տված հարցազրույցում, հաղորդում է profile.ru–ն։
Բժիշկը նշել է, որ հիվանդության ծանր տեսակներ, ինչպես նաև մահացու ելքեր գրանցվել են անգամ երեխաների և համեմատաբար երիտասարդ մարդկանց մոտ։
«Այսինքն, խոսքն այստեղ ռիսկի երկու գլխավոր գործոնների` բարձր տարիքի ու քրոնիկ հիվանդությունների մասին չէ», – նշել է Կազանովան։
Նրա խոսքով, այս անհասկանալի դեպքերի պատճառը գենետիկ գործոններն են, որոնք ազդում են վիրուսի նկատմամբ օրգանիզմի արձագանքի վրա։
Իմունոլոգը պարզաբանել է, որ մարդու գեներում կարող է լինել խոցելիություն ինֆեկցիայի նկատմամբ, որը ոչ մի կերպ չի դրսևորվել մինչև վիրուսի հետ կոնտակտը։ Սակայն արդյունքում այն հանգեցնում է հիվանդացության ծանր տեսակին` ընդհուպ մինչև մահ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուս գիտնականներն ավարտել են թեստ–համակարգի աշխատանքը, որը թույլ է տալիս բացահայտել մարդու մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առկայությունը։ Հիմա անկախ լաբորատորիաներում պետք է սկսվեն թեստերի կլինիկական փորձարկումները։ Հաջողության դեպքում կգործարկվի գրանցման ընթացակարգը, որը հիմա դյուրացվել է։