Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի անսովոր մոտեցումը սկսում է արդյունքներ տալ: Այս մասին հայտարարել է Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տենգելը, հաղորդում է Bloomberg-ը:
Նրա խոսքով՝ հիվանդացության եւ մահացության մակարդակի վերջին տվյալները վկայում են այն մասին, որ իրավիճակը սկսում է կայունանալ: «Մենք դուրս ենք եկել պլատո»,-ասել է Տենգելը շվեդական TT գործակալությանը տված հարցազրույցում:
Չնայած պանդեմիային՝ Շվեդիայում բաց են դպրոցները, մարզասրահները, սրճարանները, բարերն ու ռեստորանները: Միեւնույն ժամանակ, կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում պատասխանատվություն ցուցաբերել եւ հետեւել սոցիալական հեռավորության սկզբունքներին:
Ոչ մի փուլում Շվեդիայում բժշկական սարքավորումների պակաս չի զգացվել, իսկ հիվանդասենյակները հիմնականում դատարկ են մնացել:
Ապրիլի 19-ի դրությամբ Շվեդիայում գրանցվել է մահվան 1540 դեպք:
Տենգելը Շվեդիայում միակ պաշտոնյան չէ, ով հայտարարում է, որ վատագույնն անցյալում է:
«Վերջին օրերին քիչ դեպքեր են գրանցվել, իրավիճակը կայունանում է»,-ասել է Շվեդիայի հանրային առողջապահության վարչության միկրոկենսաբանության բաժնի ղեկավար Կարին Տեգմարկ Ուիզելը:
Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆվենը հայտարարել է, որ կառավարությունը, հավանաբար, կվերանայի իր մոտեցումը:
HSBC Global Research-ի տնտեսագետ Ջեյմս Պոմերոյը նշել է, որ շվեդական տնային տնտեսությունների ավելի քան կեսը կազմված է մեկ մարդուց, ինչը թեթեւացնում է սոցիալական հեռավարությունը: Մարդիկ աշխատում են տնից, համացանցի արագ հասանելիություն կա, ինչը եւս նպաստում է գրասենյակներից դուրս աշխատուժի արդյունավետությանը:
Եվ չնայած նրան, որ շատ այլ երկրներում խիստ օրենքներ են սահմանվել, այդ թվում՝ խոշոր տուգանքներ, շվեդները, կարծես, հետեւում են այդ կանոններին՝ առանց օրենքների ընդունման: Երկրի բջջային կապի խոշոր օպերատոր Telia Company-ի տվյալներով՝ Ստոկհոլմից Գոթլանդ ուղեւորությունների թիվը կրճատվել է 96%-ով: