Նոր կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել, եւ հիմա կան այդ վիրուսի նվազագույնը 30 տարբեր շտամներ, ինչը կարող է զգալիորեն դժվարեցնել համավարակի տարածման դեմ պայքարը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Չժենցզյանի համալսարանի գիտնականների հետազոտությունը:
Հետազոտողների խոսքով՝ կան վիրուսի տասնյակ շտամներ՝ հայտնի որպես SARS-COV-2: Չինաստանում հայտնաբերված շտամները համարվում են ամենավտանգավորներից մեկը: Դրանք նման են նրանց, որոնք տարածվել են Եվրոպայում: Իսկ ԱՄՆ-ում մարդիկ մեծ մասամբ վարակվում են վիրուսի ավելի թույլ տարբերակներով:
Հետազոտողների խոսքով՝ իրենք առաջին անգամ գտել են այն բանի ապացույցները, որ մուտացիաները կարող են ազդել հիվանդության ծանրության վրա: Նրանք ուսումնասիրել են, թե վիրուսը որքանով արդյունավետ կարող է վարակել մարդկային բջիջները եւ դրանք ոչնչացնել:
Չինաստանում եւ եվրոպական մի քանի երկրներում, որոնք ամենից սաստիկ են տուժել համավարակի հետեւանքով (օրինակ՝ Իտալիայում եւ Իսպանիայում), գիտնականները գտել են վիրուսի ամենավտանգավոր շտամները: Այդ շտամներն են հայտնաբերվել նաեւ Նյու Յորքում՝ ԱՄՆ-ում վարակման էպիկենտրոնում:
Այդուհանդերձ, ԱՄՆ մնացյալ տարածքում գտել են հիմնականում պակաս վտանգավոր շտամներ, որոնց թվում կարող է լինել նաեւ Ուհանից շտամը, որտեղից էլ հենց հայտնվել է բուն վիրուսը: