Զանգվածային պատվաստումը կարող է լինել COVID-19 համավարակը հաղթահարելու միակ միջոցը, քանի որ այս ինֆեկցիայով հիվանդացած եւ ապաքինված շատերի մոտ հուսալի իմունիտետ չի հայտնվում: Այսպիսի կարծիք է հայտնել իմունաբանության ֆրանսիացի պրոֆեսոր Էրիկ Վիվյեն, փոխանցում է Science Alert-ը:
Մասնագետի խոսքով՝ մարդու օրգանիզմին 3 շաբաթ է պետք բավարար քանակությամբ հակամարմիններ ստեղծելու համար ընդդեմ ՌՆԹ պարունակող այնպիսի վիրուսների, ինչպիսին է SARS-CoV-2-ը, բայց նույնիսկ այդ դեպքում այս հակամարմինները բավարարում են ընդամենը 3 ամիս: Գիտնականները, սակայն, այս կանխատեսման հարցում էլ վստահ չեն, քանի որ կորոնավիրուսն արտասովոր հատկություններ է ցուցադրում: Ինչպես ցույց է տվել 2002-2003 թվականներին SARS-ի բռնկումը, առողջացած մարդիկ պաշտպանությամբ էին օժտված միջինը 3 տարի, բայց դա չի նշանակում, որ այդպես է լինելու նաեւ այլ կորոնավիրուսների դեպքում:
Չնայած վկայություններ կան COVID-19-ից ապաքինվածների մոտ կայուն իմունիտետի առաջացման մասին, հայտնի են ախտանիշների կրկնակի առաջացման դեպքեր, օրինակ՝ Հարավային Կորեայում: Սա ցույց է տալիս, որ ինֆեկցիան, հերպեսի նման, կարող է անցնել քրոնիկական ձեւի, որի դեպքում հիվանդությունը չի արտահայտվում, բայց մնում է օրգանիզմում եւ իր մասին զգացնել է տալիս միայն իր համար բարենպաստ պայմաններում:
Մասնագետները նաեւ նշում են, որ եթե անգամ արտադրվում են հակամարմիններ, վտանգ կա, որ դրանք կարող են միայն ուժեղացնել հիվանդության սրման հավանականությունը: Հայտնի է, որ որոշ դեպքերում հակամարմինների ձեւավորումից հետո մեծանում է ծանր բարդությունների հավանականությունը:
Դրանից բացի, առայժմ պարզ չէ՝ ո՞ւմ հակամարմիններն են ավելի արդյունավետ վիրուսի դեմ պայքարում. նրանց, ովքեր թեթե՞ւ ձեւով են հիվանդացել, թե՞ նրանց, ովքեր վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել:
Հաշվի առնելով այս բոլոր անորոշությունները՝ փորձագետները կասկածում են, որ մարդկության մոտ ժամանակի ընթացքում կձեւավորվի հավաքական իմունիտետ, եւ համավարակը ինքնաբերաբար անկման կգնա: Ուստի նրանք միակ հուսալի միջոցը համարում են պատվաստումը: