Երիտասարդ զույգը, որոնց ծանոթությանն ու նշանադրությանը հաջորդել էին համաշխարհային համավարակային դժնդակ օրերը, որոշեց ի հեճուկս վարակի պսակադրվել՝ հեռավար հարսանիք կազմակերպելով: Փառք Աստծո, տեխնոլոգիական դարում հեռավար տարբերակով հնարավոր է այնքան հյուրեր ընդունել, որքան համեստ հարսանիքի ժամանակ:
Օրերս՝ հարսանիքի նախապես նշանակած օրը, հնարամիտ երիտասարդները՝ «մնացեք տանը» նշանաբանով Zoom հավելվածի միջոցով իրենց հարսանիքին մասնակից դարձրին ընտանիքի, հարազատներին, բարեկամներին, ընկերներին և իհարկե քավորին՝ ստանալով նրանց օրհնանքն ու բարեմաղթանքները, այդպես նրանց հետ կիսելով իրենց սեղանն ու երջանկությունը:
Հարսանքավորները միմյանց հետ ևս հնարավորություն ունեին շփվելու, դիտելու նորապսակների ընկերների կողմից կազմակերպած իրական հրավառությունը, նորապսակների հարսանեկան պարը, տորթը: Մի խոսքով ամեն ինչ իսկական հարսանիքի նման էր, բացի նվերներից, իհարկե, որոնք նրանք կստանան արտակարգ դրության ավարտից հետո: Իսկ մինչև այդ բավարարվեցին վիրտուալ բացիկներով: Եկեղեցում Աստծո օրհնությունը նրանք կստանան մոտ ապագայում: Արտակարգ դրության առաջին օրերին համացանցով շարժեր էին տարածվում՝ հեռավար հարսանիքների, կնունքների, ծնունդների վերաբերյալ:
Հետո իրական տեսագրություններ հայտնվեցին հեռավար ծնունդներից, բայց Հայաստանում հարսանիք, կարծում ենք, դեռ չի եղել, ամեն դեպքում չի հանրայնացվել:
Այնպես որ, երջանկություն ենք ցանկանում նորապսակներին և վստահ ենք, որ այս հարսանիքը նրանք երբեք չեն մոռանա, բայց նաև լիահույս ենք, որ այն միայն դրական լիցքերով ու բարի տպավորություններով կհիշեն՝ մոռացության մատնելով հիվանդությունն ու համավարակը: