Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների մոտ 30%-ը երբեք չի կարողանա անհրաժեշտ ծավալով հակամարմիններ արտադրել, որպեսզի կրկնակի վարակման դեմ պաշտպանություն ձեւավորվի։
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Ֆուդանի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ պացիենտների մոտ մեկ երրորդի օրգանիզմում կորոնավիորուսի դեմ այնքան քիչ հակամարմին կա, որ հազիվ թե նրանց մոտ առողջանալուց հետո իմունիտետ հայտնվի այդ վարակի հանդեպ, իսկ դա նշանակում է, որ նրանք կրկին վարակվելու իրական ռիսկի են ենթարկված։
Մասնագետների խոսքերով՝ հակամարմինների որոնման թեսթերը, որոնք այժմ ներդնում են շատ երկրներ, արձագանքում են հակամարմինների առկայությանը, սակայն միաժամանակ չեն վերլուծում դրանց մակարդակը։ Իսկ եթե հակամարմինները շատ քիչ են, հիվանդությունից առողջացածների պլազմայի փոխներարկումը կարող է անօգուտ լինել։
Գիտնականները վերլուծել են 175 ապաքինված չինացիների արյան պլազման՝ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայությունը ստուգելու համար։ Պարզվել է, որ տարեց եւ միջին տարիքի պացիենտները պլազմայում հակամարմինների զգալիորեն ավելի բարձր տիտրեր են ունեցել, քան երիտասարդ պացիենտները։ Իսկ 10 պացիենտների մոտ հակամարմինների մակարդակն այնքան ցածր է եղել, որ սովորական թեսթի միջոցով դրանք հայտնաբերել չի հաջողվել։ Մոտ 40%-ը հակամարմինների միջին մակարդակ է ունեցել, եւ միայն 14%-ը՝ բարձր մակարդակ։ Միջինը պացիենտները հակամարմիններն արտադրել են վարակվելուց հետո 10-15 օրվա ընթացքում։