Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ, որքան որ հիմա կարող է զարմանալի թվալ, նաև 1991-ին Հայաստանի անկախության վերականգնման տարիներից ի վեր՝ մեր իրականությունում բացարձակ անտեսված է եղել այն իրողությունը, որ 1915-ին Օսմանյան Թուքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը փաստացի դատապարտվել, ճանաչվել և փոխհատուցվել է դեռևս 1920 թվականին:
Ստորև շարադրենք փաստերը՝ այդ մեկդարյա ճշմարտությունը հասկանալու և իմանալու համար: 1919-ին անկախ և ինքնիշխան Հայաստանում Մեծ Բրիտանիայի կառավարության զորախմբի կողմից իրականացրած նպատակային միջոցառումների շնորհիվ թուրք օկուպանտներից մաքրվում և ազատվում են Կարսի մարզն ու Նախիջևանի երկրամասը: Այստեղ ստեղծվում են տեղական հայկական իշխանություններ, վերադարձվում են հայ փախստականները, և այդ տարածքները դե ֆակտո միացվում են Հայաստանի Հանրապետությանը: Այդ ընթացքում Ստամբուլի կառավարությունը՝ Օսմանյան Թուրքիայի օրինական կառավարիչ սուլթան Մեհմեդ 6-րդի գլխավորությամբ, դատավարություն է իրականացնում փախուստի մեջ գտնվող հանցավոր երիտթուրքերի կառավարության անդամների հանդեպ և հայերի ցեղասպանության պատասխանատու-պարագլուխներին հեռակա կարգով դատապարտում է մահապատժի: Այս ամենն արվում էր նրա համար, որ զուգահեռ դրան՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ կառավարության լիազոր-նախարար Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ մասնակցեր Անտանտի՝ Արևմտյան բլոկի հաղթանակած պետությունների կողմից հրավիրված՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովին, որտեղ վերջնականապես որոշվելու էին նաև մեր երկրի սահմանները:
1920-ի հունվարին ՀՀ անկախությունը՝ իր այդ պահին առկա սահմաններում (Երևան, Ալեքսանդրապոլ, Կարս, Սարիղամիշ, Նախիջևան, Իգդիր և այլն) պաշտոնապես ճանաչում է Ազգերի Լիգան՝ ՄԱԿ-ի նախատիպը, իսկ ապրիլին՝ նաև ԱՄՆ-ը: Այս ճանաչումներից հետո դրվում է արդեն հայերի՝ ցեղասպանության ընթացքում պատճառած վնասների փոխհատուցման հարցը, որն էլ իրականանում է 1920-ի օգոստոսին՝ Սևրի պայմանագրով և նույն թվականի նոյեմբերի 22-ին՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի սահմանների Իրավարար վճռով: Սակայն այս ամենը զրոյացվում է՝ Հայաստանի վրա թուրք ազգայնական շարժման առաջնորդ Մուսթաֆա Քեմալի ու ռուս բոլշևիկների համատեղ հարձակման արդյունքում և Հայաստանի ողջ տարածքի օկուպացմամբ: 1921-ի մարտի 16-ի՝ Մոսկվայում կնքված ռուս-թուրքական ապօրինի պայմանագրի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն այլևս դադարում է գոյություն ունենալ, իսկ նրա օրինական տարածքները բաժանվում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև, իսկ Նախիջևանն ու Արցախը բռնակցվում են նորաստեղծ Սովետական Ադրբեջանին:
Լուսանկարում՝ սիրիական Դեր Զոր անապատի համակենտրոնացման ճամբարից փրկված հայ մանուկներն են՝ Հալեպի ամերիկան որբանոցի ընդունման կայանում»: