Իշխանության դեմ աննկուն պայքարից հետո ԲՀԿ-ն կրկին վերադարձավ ելման դրություն, և, ըստ հավաստի լուրերի, այստեղ բանակցություններ են գնում ընտրություններից հետո նախարարական պորտֆելներ վերցնելու և կոալիցիա մտնելու վերաբերյալ: Իսկ համատեղ կառավարմանը» մասնակցելու նախապայմաններից մեկը կրկին Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջն է, որին, ըստ լուրերի, ավելացել են նաև ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնաթողության պահանջները: Խոսվում է նաև, որ գրեթե հստակեցված են հատկացվելիք նախարարական պորտֆելների քանակն ու ոլորտները: Քննարկվում է փոխվարչապետի, սոցապնախարարի, բնապահպանության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարների պորտֆելների հարցը: «Ընտրություններից հետո այն ծրագրերը, որոնք նորովի պետք է շրջանառության մեջ դրվեն, ըստ այդ ծրագրերի կորոշվեն նաև դերակատարները: Այսինքն` խնդիրը ոչ թե կլինի, որ այս կամ այն անձը վատ է աշխատել` դրա հետևանքով, այլ կարող է շատ լավ աշխատող լինի, բայց ծրագրային մոտեցումներով եթե նայես, կարող են նաև դերակատարներ փոխվեն»,- նշված լուրերի մասին նման կարծիք է հայտնել Գալուստ Սահակյանը: