«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՛մ մաքրեք, կա՛մ Ձեզ ու մեզ են մաքրելու:
Հեղափոխությունից երկու տարի անց, երբ նշվում է քաղաքացու օրը, անձամբ ես առավել անպաշտպան եմ զգում ինձ Հայաստանում: Անպաշտպան եմ զգում ինչպես թիրախային հարձակումներից, այնպես էլ անձնական տվյալներիս, կյանքիս բնականոն ընթացքի տեսանկյունից:
Հայաստանում ու հայկակական տիրույթում արտաքին, իսկ մասնավորապես ռուսական հետաքրքրությունների ազդեցության ագենտները, քոչարյանական փողերով խմբակային հարձակումներ են իրականացնում արդեն տևական ժամանակ: Դրանցից որոշների հետ ուղիղ ազգակցական, ընկերական և աշխատանքային կապեր ունեցողները այսօր էլ շարունակում են զբաղեցնել պետական բարձր պաշտոններ:
Այս մարդկանց վրա ընդհանրապես ուշադրություն չդարձնելը, կամ բանի տեղ չդնելը, ինչպես որոշ իշխանական ընկերներ են կոչ անում, ոչ միայն արդյունավետ չի, այլև` վտանգավոր է դառնում: Առաջիկայում հատ-հատ բացահայտելու ենք նրանց ու պատմելու, թե երբվանից ու ինչով են զբաղվում:
Այն, որ ներկայիս քաղաքական իշխանությունը, կա՛մ չի ցանկանում, կա՛մ անկարող է մաքրել համակարգը արտաքին ուժերի, իսկ մասնավորապես Ռուսաստանին ծառայողներից, չափազանց վտանգավոր է դառնում, սա չգիտակցելը դարձել կամ դառնում է պատուհաս:
Պետական պաշտոններ զբաղեցնող տիկնայք և պարոնայք, եթե չեք վերցրնելու Ձեր վրա այս խոսակցությունը ծավալելու պատասխանատվությունը, ապա մենք` հասարակ քաղաքացիներս ենք ստիպված լինելու դա անել:
Այսօր, Ազգային Ժողովի ամբիոնից ոչ միայն չենք տեսնում ու լսում այս խնդրի շուրջ խոսողների, այլև հենց մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության ներսում կան մարդիկ, որոնք ակնհայտորեն նշված շահերին են ծառայում, ուստի` խոսելու եմ նաև այս մարդկանց ու նրանց վարքագծի մասին:
Խմբակային, կազմակերպված հարձակումներով հասնում են նրան, որ իմ ու շատ ընկերներիս նյարդերը սկսում են տեղի տալ, ընդ որում` հաճախ ցավալիորեն հրապարակային տիրույթում: Սրան գումարվում է պայմանականորեն ներսում ու դրսում հայտնված ՄԵՆՔ-ի դիսոնանսը, ինչն առնվազն խոցողների գործն է հեշտացնում, իսկ մեզ արդեն անդառնալիորեն հեռացնում:
Չգիտեմ ինչ եք անելու ընկերներ, բայց անձամբ ես այլևս չեմ լռելու...»: