Բրիտանական Բելֆաստ (Հյուսիսային Իռլանդիա) քաղաքից 32-ամյա Դանիել Մարտինն ավելի քան մեկ շաբաթ անգիտակից վիճակում էր նոր կորոնավիրուսով վարակման պատճառով, եւ արթնանալուց հետո իմացել է, որ հղի է եւ երկվորյակ է ունենալու: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Դանիելը, որն արդեն երեք երեխա ունի, վարակվել էր կորոնավիրուսով հղիության 9-րդ շաբաթում: Մարտի վերջին նրա կոկորդը սկսել էր ցավալ, սակայն կինն ուշադրություն չէր դարձրել: 6 օր անց նրա ինքնազգացողությունը զգալիորեն վատթարացել էր: Կնոջը հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ նրա մոտ թոքաբորբ եւ COVID-19 էր ախտորոշվել: Արյան` թթվածնով հագեցվածության մակարդակի նվազման պատճառով հիվանդին թոքերի արհեստական օդափոխության ապարատին էին միացրել:

«Խելագարվել կարելի է, թե որքան արագ կարող է ամեն ինչ դեպի վատը փոխվել,- պատմում է նրա ամուսինը` Բրայան Գրինը:- Մի օր Դանիելն ինձ տոստերով լուսանկար էր ուղարկում, որ նրան տալիս էին հիվանդանոցում, իսկ հաջորդ օրը նա վերակենդանացման բաժանմունքում է»:

Կինը 10 օր անգիտակից վիճակում է եղել: Գիտակցության գալուց անմիջապես հետո բուժաշխատողները հայտնել են, որ նա երկվորյակ է ունենալու: Չնայած Դանիելը դեռ հիվանդությունից առաջ գիտեր հղիության մասին, երկվորյակի մասին լուրը հաճելի անակնկալ էր դարձել ապագա մայրիկի համար: «Գոնե կկարողանանք մի լավ բան հիշել նույնիսկ այս սարսափելի ժամանակների մասին»,- ասել է նա: