Երեւանի պետական կամերային երգչախմբի 30-ամյա մեներգիչ Անդրանիկ Մալխասյանը Ապրիլի 24–ին Ծիծեռանակաբերդի բարձունքում իր կատարման ժամանակ չկարողացավ զսպել արցունքները Կոմիտասի «Ձայն տուր, ո՛վ ծովակ» երգի կատարման ժամանակ: Երիտասարդը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է ոգեկոչման միջոցառմանը իր մասնակցության եւ ապրումների մասին:
«Նմանատիպ մասշտաբի եւ ֆորմատով համերգի չէի մասնակցել, երբ արդեն տեղում էի, տպավորություններն ու զգացողությունները բոլորովին այլ էին, ու բավականին մեծ պատասխանատվություն էր հանդես գալ այդ ժամին, այդ եղանակին ուղիղ եթերով: Ես լինելով արտիստ` դեռ նման պայմաններում ելույթ չէի ունեցել եւ գումարվեց այդ հուզմունքը եւ վայրը, որտեղ ելույթ էի ունենում»,- ասաց նա:
Մեներգիչը պատմեց, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես են արցունքները հոսել աչքերից, միայն երգի ավարտից հետո է տեսել, որ դեմքը թաց է արցունքներից:
«Ամեն ինչ խառնվեց իրար, երկրորդ տան մեջ ասվում էր՝ արդյոք գալու է մի օր, որ Մասիսի գագաթին դրոշ դնենք, եւ այդ տպավորությունը, որ ես ստացել էի, եւ զգացմունք- հիշողությունները, ցավը... անկեղծ եմ ասում, որ ես չեմ զգացել, որ արտասվում եմ, որովհետեւ շատ ցուրտ էր արդեն, առավոտյան 5-ն անց 15` լուսադեմ, անկախ ինձանից արցունքները հոսել են, եւ երբ բեմից իջա, բոլորն ինձ էին ուշադիր նայում, ես էլ մտածում էի` կարող է ինչ-որ բան սխալ եմ արել: Հետո հասկացա, որ այդ զգացմունքային վիճակում արտասվել եմ»,- պատմեց նա:
Անդրանիկ Մալխասյանը նշեց, որ երգը շատ քիչ կատարվող է, կարծես Կոմիտասը նախապես զգացած լիներ Ցեղասպանությունը. «Այս երաժշտությունը նա գրել է 1911 թվականին եւ կարծես մարգարեություն լինի: Շատ եմ կատարել այս երգը եւ ամեն անգամ զգացմունքի նոր ալիք է կարծես տալիս այս երգը, սակայն Ծիծեռնակաբերդում լրիվ այլ էր զգացողությունը»:
Նշենք, որ Անդրանիկ Մալխասյանը ավարտել է Կոմիտասի անվան երաժշտականն Կոնսերվատորիան, 3 տարի է, ինչ աշխատում է Երեւանի պետական կամերային երգչախմբում որպես մեներգիչ եւ 8 տարի աշխատում է Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան, նաեւ կոնսերվատորիայում «Կոմիտաս» երգչախմբի անդամ է:
Երիտասարդ մեներգիչը բազմաթիվ համերգների մասնակից է, միջազգային մրցույթների դափնեկիր, արժանացել է նախագահական մրցանակի: