Նյու Յորքում, կլինիկական փորձարկումների շրջանակում, COVID-19-ով հիվանդներին սկսել են այրոցի դեմ տարածված դեղամիջոց տալ, հաղորդում է CNN-ը:

Հաղորդվում է, որ ամերիկացի բժիշկների կլինիկական ուսումնասիրության մեջ ընդգրկված 187 հիվանդների ֆամոտիդին պարունակող դեղամիջոց են տալիս:

Դեղամիջոցն արդյունավետ է ստամոքսի այրոցի և ցավերի համար: Այն նաև օգտագործվում է ստամոքսի բորբոքային հիվանդությունների կանխարգելման և սուր փուլերի բուժման համար:

Մասնագետները մանրամասն սկսել են ուսումնասիրել ֆամոտիդինի ազդեցությունն այն բանից հետո, երբ նկատել են, որ Չինաստանում որոշ հիվանդների, որոնք ընդունում էին այդ դեղամիջոցը, ինքնազգացողությունը զգալիորեն բարելավվել է, համեմատած մյուս հիվանդների, որոնք այն չէին ընդունում:

«Մենք դեռևս չգիտենք, կապացուցի արդյոք այս փորձարկումը դեղամիջոցի արդյունավետությունը: Այնուամենայնիվ, բժշկության պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ մի նպատակի համար նախատեսված դեղամիջոցը, անսպասելիորեն ազդել է մեկ այլ հիվանդության վրա»,- նշել է Ֆեյնշտեյնի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող դոկտոր Քևին Թրեյսին՝ շեշտելով, որ այդ միջոցը կարող է և չաշխատել:

Մասնագետը հստակեցրել է, որ ֆամոտիդինի օգտագործման առաջին արդյունքները հայտնի կդառնան մոտ ապագայում: