Երեւան քաղաքի ավագանին այսօրվա՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանի պուրակներից մեկն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Նշենք, որ շուտով այդ պուրակում կվերատեղադրվի նրա արձանը:
Որոշման մեջ նշվում է.
«1. Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երեւանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող եւ թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Նշենք, որ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում:
Մինչեւ իր կյանքը կրկեսին նվիրելը՝ Ենգիբարյանը փորձել է միքանի այլ մասնագիտություններ: 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի, ինչից հետո տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ:
Լեոնիդ Ենգիբարյանը մինչեւ 1950-ականների կեսերը լավ արդյունքների էր հասել՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: 1952-1953 թվականների մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ եւ պարտվում ընդամենը մեկ անգամ: Արդյունքում իր քաշային կարգում գրավում է 3-րդ տեղը: 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր:
1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին եւ Լեոնիդը ընդունվում է այդտեղ:
1959 թվականի հուլիսի 25-ին Նովոսիբիրսկի կրկեսում տեղի է ունենում արտիստի դեբյուտը:
1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երեւան եւ ընդունվում հայկական կրկեսախումբ:
1956 թվականից Ենգիբարյանը նկարահանվում էր ֆիլմերում: 1962 թվականին Հենրիկ Մալյանը եւ Լեւոն Իսահակյանը արտիստին առաջարկում են կինոյում խաղալ ինքն իրեն. կրկեսի ծաղրածուի մասին ֆիլմը անվանեցին «Ճանապարհ դեպի կրկես»:
1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի: Նա մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երեւանից եւ Մոսկվայից բացի՝ Լեոնիդը սիրում էր նաեւ Պրահան, որտեղ չեխ կնոջից ծնվում է իր աղջիկը՝ Բարբրան:
Կրկեսից բացի Լեոնիդ Ենգիբարյանը հանդես է գալիս մնջախաղի երեկոներով, գրում է արձակ ստեղծագործություններ, շարունակում նկարահանվել ֆիլմերում. Սերգեյ Փարաջանովի՝ «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի՝ «Այբոլիտ-66», «Մանեժում պատանեկություն է», Վասիլի Շուկշինի՝ «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեյի՝ «Վզնոց իմ սերելիի համար» եւ այլն: Անձամբ արտիստի մասին նկարահանվում են մի շարք այլ ֆիլմեր:
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են՝ «Աստղային անձրեւ», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս ու ստվեր» եւ այլ մանրապատումներ:
Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 37 տարեկան հասակում 1972 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում՝ իր դեբյուտից ուղիղ 13 տարի հետո նույն օրը: Արտիստի գերեզմանը գտնվում է Մոսկվայի «Վագանկովսկոյե» գերեզմանատանը: 2020 թվականի մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան:
«Չի կարելի բարձր պաշտոններ վստահել հումորից զուրկ մարդկանց». Լեոնիդ Ենգիբարյան: