«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ զարհուրելի սպանություններ հաջորդեցին մեկը մյուսին Գեղարքունիքի մարզում: Գավառի եւ Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճատներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները:
Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների եւ ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավել մարդիկ` նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց եւ կտրեցին հիվանդասենյակում գտնվող երկու վիրավորների վզերը:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չտարածեց` իմանայինք ով ինչի համար կրակեց, իրականում քանի զոհ ու վիրավորներ կային: Միայն դեպքից 8 ժամ անց մի հաղորդագրություն տարածելու փորձ արվեց` այն էլ ոչ թե ինֆորմացիա հաղորդելու նպատակով, այլ փորձ էր արվում փրկել ոստիկանապետ Արման Սարգսյանի դեմքը` հայտնելով, թե նա եղել է դեպքի վայրում` այլ ոչ թե հվանդանոցում: Հիշեցնենք` դեպքի վայրը փողոցն է եղել` Գավառի Ազատության փողոցը:
Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակառակն են պնդում. Նա հիվանդանոցում է եղել ոստիկանների հետ, բայց նույնիսկ եթե ընդունենք, որ ՀՀ ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Նրան շտապ զեկուցել են չէ՞` հիվանդանոց ներխուժելու եւ մարդկանց «մորթելու» մասին, այդ ժամանակ ինչո՞ւ չի շտապել «նոր դեպքի վայր»` իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու: Ումից է կաշկանդվել կամ վախեցել. Հարց է, որ շարունակ հնչում է օդում: Ու բացի այդ, եթե ոստիկանական ուժերը հիվանդանոցի տարածքը հսկելիս են եղել, ինչու չեն կրակել` թեկուզ օդ, ներխուժող նորատուսցիների մուտքը խափանելու համար: Համաձայնեք` դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ ոստիկանապետի կամ ոստիկանի ներկայությամբ մի խումբ մարդիկ կարող են ներխուժել, մորթել ու անվնաս հեռանալ: Գուցե ոստիկաններին այլեւս զենք պետք չէ՞:
Այս երեւույթը խորը վերլուծության եւ մասնագիտական արժանապատվության տեսանկյունից մեկ հստակ պահանջ է առաջ քաշում. ՀՀ ոստիկանապետն ու մի քանի բարձրաստիճան ոստիկանները պետք է հեռանան իրենց պաշտոններից:
Հ. Գ. Հավելենք, որ երեկ ողջ գիշեր ՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչները հսկել են Գավառը եւ Նորատուսը` փորձելով կանխել հնարավոր արյունահեղությունը: Բանն այն է, որ սպանվածների հարազատները շարունակել են մինչ ուշ գիշեր փնտրել մեղավորներ` պատժելու համար: Իրավապահներն անգամ սպասում էին, որ կգնան եւ մեկը մյուսի տները կսկսեն հրդեհել: Իրավիճակը շարունակում է դեռ պայթյունավտանգ մնալ` հաշվի առնելով կողմերի տաքարյունությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում