Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ին նիստում որոշում կայացրեց, որով ավելացրեց ՀՀ տարածքում 350 եւ ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշումը վերաբերում է նաեւ ոստիկանական զորքերին եւ ԱԱԾ ծառայողներին:
Տոնոյանը պարզաբանեց, որ առաջ, եթե օրինակ ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, փոխհատուցում ստանում էր միայն մինչեւ Երեւան հասնելու համար:
Նա ընդգծեց, որ խոսքը ոչ միայն պայմանագրային, այլեւ ժամկետային զինծառայողների մասին է:
Լրացուցիչ ծախսերի ավելացումը տարեկան կազմում է մոտ 150 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: