COVID-19 համավարակին վերջ տալու համար ստեղծվող պատվաստանյութի ստացման նպատակով մրցավազքի ութ մասնակիցներ առաջ են անցել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պատվաստանյութի ութ թեկնածուներ փորձարկվում են մարդկանց վրա Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կլինիկաներում։ Դրանցից բացի, ամենաքիչը 94-ն էլ գտնվում են մշակման տարբեր փուլերում։
Թրամփի վարչակազմն ուզում է մինչեւ տարվա վերջն ունենալ պատվաստանյութի միլիոն չափաբաժին, բայց փորձագետները նախազգուշացնում են, որ աննախադեպ արագությունը կարող է իրականացվել անվտանգության պահանջների շրջանցմամբ, եւ չկա երաշխիք, որ այդ ութ թեկնածու պատվաստանյութերից որեւէ մեկը կլինի արդյունավետ։
Ութ թեկնածու պատվաստանյութերը բաժանվում են երեք խմբի։
Առաջինը կարելի է անվանել դասական եղանակ՝ վիրուսի մահացած տարբերակի ներարկում՝ պացիենտի իմունային համակարգի մոբիլիզացիայի համար։ Չինացի հետազոտողների երեք անկախ խմբեր փորձարկում են ապաակտիվացված պատվաստանյութեր։
Երկրորդ՝ երբ մի վիրուսն օգտագործվում է մյուսի դեմ։
Անկախ նրանից, թե այն ինչ հիվանդություն է հարուցում (COVID-19, Էբոլայի տենդ կամ հասարակ մրսածություն), վիրուսն ինքը միայն թաղանթ է, որը պարունակում է այդ վիրուսի նոր կրկնօրինակներ ստեղծելու հրահանգներ։
Պատվաստանյութի ստեղծման այդ նոր ռազմավարության մեջ գիտնականները հեռացնում են հրահանգները մի վիրուսի միջից եւ փոխարինում են կորոնավիրուսի միայն մի մասի ստեղծման հրահանգներով։
Մոդիֆիկացված վիրուսի ներարկումը հիվանդություն չի առաջացնում։ Վիրուսը վարակում է պացիենտի որոշ բջիջներ, բայց վտանգավոր վիրուսի կրկնօրինակների փոխարեն այդ բջիջներն արտադրում են կորոնավիրուսի միայն այն նույն մասը։ Պացիենտի իմունային համակարգն արձագանքում է միայն կորոնավիրուսի սպիտակուցին եւ կարող է անկոչ հյուրի հախից գալ ավելի ուշ։
Այս մոտեցումն օգտագործում են գիտնականների երկու խումբ՝ Չինաստանից եւ Մեծ Բրիտանիայից
Երրորդ ռազմավարությունը բացառում է միջնորդին։ Փոխանակ հրահանգները տեղափոխեն վիրուսի միջոցով, հետազոտողները կորոնավիրուսի տարրի գենետիկ կոդն ուղղակիորեն ներարկում են պացիենտին ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի տեսքով։
Երկու խումբ աշխատում է ՌՆԹ պատվաստանյութի ստեղծման վրա, եւս մեկը փորձում է մշակել ԴՆԹ պատվաստանյութ։
Նոր մեթոդները հանդիսանում են ավելի արագ եւ ճկուն, ասում է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի պատվաստանյութի ստեղծման բաժնի ղեկավար Քիմբերլի Թեյլորը։
«Մենք բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ չենք դնելու, - ասում է Էմորիի համալսարանի Պատվաստանյութային կենտրոնի փոխտնօրեն Ուոլթեր Օրենսթեյնը,- Տարբեր խմբեր դիտարկում են, թե ինչը կաշխատի, իսկ ինչը՝ ոչ»։