Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 19-ին, ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ նրա հետ քննարկել բանակաշինությանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությամբ:

Քննարկված հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային եւ իրային ապահովման, կոմունալ շինարարության  հիմնախնդիրներին:

Նախագահ Սահակյանն իր խոսքում կարեւորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր որակ հաղորդելու եւ երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ պետության տնտեսական զարգացման եւ երկրի ներուժի արդյունավետ օգտագործման համար:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: