Անցած շաբաթ նախագահ Թրամփն ու իր թիմը մի շարք անգամներ հայտարարել են, որ ունեն տեղեկություններ, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսը հանկարծակի դուրս է թռել Չինաստանում գտնվող լաբորատորիայից, գրում է NPR-ը։
Սակայն ամերիկյան հետախուզության ղեկավարի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ դեռեւս չկան այս տեսության համոզիչ ապացույցներ։ Գիտնականները գտնում են, որ լաբորատորիայում դժբախտ պատահարի հավանականությունը շատ փոքր է, մինչդեռ բարձր է վարակի բնական ծագման հավանականությունը։
Հետախուզության որոշ նախկին աշխատակիցներ եւ անկախ վերլուծաբաններ գտնում են, որ այս անհամաձայնությունները հիշեցնում են 2003-ին Իրաքի ներխուժմանը հանգեցրած սխալները։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ վարչակազմի կողմից լաբորատորիայից վիրուսի արտահոսքի տեսության հետագա զարգացումը կվկայի վարչակազմի բարձրագույն պաշտոնատար անձանց եւ նրանց տեղեկատվություն մատակարարելու գործառույթ ունեցող գործակալությունների միջեւ անառողջ հարաբերությունների մասին։
Ըստ ԿՀՎ նախկին փոխտնօրեն Մայքլ Մորելի, նախագահ Թրամփը վերջին երեք տարիներին մեծ ճնշում է գործադրել հետախուզական հանրության նկատմամբ, որպեսզի նրանք աշխարհը տեսնեն այնպես, ինչպես ինքն է տեսնում։
Շատ գիտնականներ հրապարակայնորեն իրենց կասկածներն են հայտնել, որ վիրուսը կարող էր դուրս գալ լաբորատորիայից, որը, ինչպես հայտնի է, գործել է միջազգային անվտանգության նորմերին պահպանմամբ, որոնք պատահական արտահոսքը դարձնում են ծայրահեղ քիչ հավանական։
2000-2004 թվականներին ԿՀՎ փոխտնօրեն, Ջոն Հոփկինսի անվան միջազգային հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր Ջոն Մաքլաֆլինը նշել է, որ այս անհամաձայնություններն իրեն հիշեցնում են վեճը ԿՀՎ-ի եւ Բուշի վարչակազմի մի մասի միջեւ այն հարցի շուրջ, թե կային արդյոք հարաբերություններ Սադամ Հուսեյնի եւ «Ալ-Քաիդա»-ի միջեւ։ Ըստ նրա, այն ժամանակվա փոխնախագահ Դիք Չեյնիի գրասենյակը պնդում էր, որ նման հարաբերություններ եղել են, չնայած հատուկ ծառայությունները դեռ նման եզրահանգման չէին եկել։
Մորելն ավելացնում է, որ Չեյնին շարունակել է պնդել, որ նման հարաբերություններ եղել են, նույնիսկ այն բանից հետո, երբ հետախուզական հանրությունը հայտարարել է, որ նման բան չի եղել։
Մորելը եւ Մաքլաֆլինը միակը չեն, որ զուգահեռներ են տեսնում Իրաքի դեմ պատերազմի նախապատրաստման եւ Չինաստանի վրա իրականացվող ներկայիս ճնշման միջեւ։ Միդլբերիի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Արեւելյան Ասիայում չտարածման նախագծի տնօրեն Ջեֆրի Լյուիսն ասում է, որ Իրաքի պարագայում վարչակազմի շահերը աղավաղում էին տեղեկատվությունը։ Նա վախենում է, որ ամեն ինչ կարող է կրկնվել։
Մյուս կողմից, միգուցե ամերիկյան հատուկ ծառայություններն իրական ապացույցներ են ստացել լաբորատորիայում դժբախտ պատահարի մասին, ասում է ԿՀՎ նախկին աշխատակից Քրիստոֆեր Ջոնսոնը, որը ներկայում ղեկավարում է China Strategies Group անկախ խորհրդատվական ընկերությունը։
Չնայած Թրամփի վարչակազմի բացահայտ շահագրգռվածությանը, ոչ բոլորն են համոզված, որ հետախուզական հանրությանը կարելի կլինի հեշտությամբ համոզել կողմ հանդես գալ լաբորատորիայից վիրուսի արտահոսքի տեսությանը, եթե չլինեն բավարար տվյալներ։