Դատաապարտում եմ բռնության ցանկացած երեւույթ իր բոլոր դրսեւորումներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նա մասնավորապես, նշեց. «Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական, հոգեբանական եւ պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում այս խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը հետեւողականորեն եւ շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների:
Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց ԱԺ մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել: Ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների վերաբերյալ:
Այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը, քայքայել ժողովրդի եւ քաղաքական մեծամասնության միջեւ առկա վստահությունը:
Ես այսօր դիտելով առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը մի պարզ հարց եմ տալիս՝ միջադեպը, որ դատապարտելի է, տեղի է ունեցել այ էնտեղ (մատով ցույց տվեց ԱԺ դահլիճի այդ հատվածը), հարց. Իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած: Երբ ամբիոնից իջնում էր եւ մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ տեղից շարժվել էր, որտեղից վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը այդ ձեւով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից:
Տեղի ունեցածը այլ կերպ քան քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել, մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո: Բայց ես դատապարտում եմ, որ մենք կարող ենք տրվել այդ սադրանքներին: Իմ եղբորը, իմ ընկերոջը դատապարտում եմ, որովհետեւ մենք իրավունք չունենք տրվել սադրանքների: Այո, մեզ ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Այս ամբիոնից էր նույն մարդն ասում՝ մեզ պադյեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլերների, նրանք ուզում են մեզ շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից»: