Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսյան հաղթանակներն ու մոտ 900 տարվա դադարից հետո պետականության վերականգնումը հայ ժողովրդի համար ճակատագրական ու միաժամանակ պատմության հետագա կազմակերպման առումով մեծ ուղերձ են պարունակում։
Մեր ազգային բոլոր ողբերգությունների հիմքում եղել է պետականության նկատմամբ հարգանքի պակասը կամ բացակայությունը և հակառակը՝ բոլոր հաջողությունները եղել են պետական գիտակցության պայմաններում։
Պետությունը վեր է բոլոր տեսակի կուսակցական, ընկերային, բարեկամական, բիզնես կամ այլ շահերից։ Իշխանության նկատմամբ սերը կամ ատելությունը հարաբերական է և ժամանակավոր, բայց ժամանակավոր էմոցիաները չեն կարող և չպետք է ազդեն պետականության նկատմամբ մարդու վերաբերմունքի վրա։
1045-ին, երբ Պետրոս Գետադարձը բյուզանդացիներին հանձնում էր Անի մայրաքաղաքի բանալիները, մտածում էր ոչ թե պետականության, այլ անձնական շահի և միայն եկեղեցապատկան հողերի պահպանության համար Բյուզանդիայի կայսեր տված խոստման մասին։
17-րդ դարում Իսրայել Օրիի նախաձեռնած Հայաստանի ազատագրության ծրագիրը երկու անգամ ձախողվեց ոչ այնքան եվրոպական Պֆալցի կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմի կամ Ռուսաստանի ցար Պետրոս Առաջինի չցանկանալու, որքան հայ իշխանների ու մելիքների միասնականության բացակայության, անվստահության պատճառով։ Ի վերջո, 1711-ին Իսրայել Օրիի հանկարծամահ լինելը ևս բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս այն առիթով, որ որոշ հայ մելիքներ գաղտնի համագործակցում էին Թուրքիայի և Պարսկաստանի իշխանության հետ՝ ընդդեմ Հայաստանի պետականության վերականգնման։
18-րդ դարում Դավիթ Բեկը և Մխիթար Սպարապետը չկարողացան ամբողջությամբ միավորել հայ ռազմական ուժը Սյունիքի հայ ազատագրական շարժման գործիչ Տեր Ավետիսի քայքայիչ գործունեության հետևանքով։ Լինելով մեծ հեղինակություն վայելող և բազմաթիվ ճակատարամտերում հաղթելով թուրքերին՝ Տեր Ավետիսը նախ դավաճանում է Դավիթ Բեկին, ապա Մխիթար Սպարապետին՝ ուխտադրժորեն հնազանդվելով թուրք փաշային։
1918-ին հայ ժողովուրդը հաղթեց թուրքական կանոնավոր բանակին բացառապես իր միասնականության շնորհիվ։
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայկական կողմի հաղթելու հավանականությունը ռազմական տեսության առումով հավասար էր զրոյի, բայց մեր աշխարհազորայինները կարողացան ջախջախել թուրքերին բացառապես միասնական աշխատանքի և պետականության վերականգնման աննահանջ ձգտման շնորհիվ։
1920-ին հայոց պետականությունն անկում ապրեց, քանի որ Կարսի բերդի պահապանները որոշեցին այն հանձնել թուրքերին առանց կռվի՝ գերադասելով զոհել ազգային պետականությունը բոլշևիկյան խոստումների դիմաց։ Դրա հետևանքով զոհվեց 12․000 հայ, Հայաստանն էլ կորցրեց 24․000քկմ Արևմտյան հատվածում (Թուրքիա), 15․000քկմ Նախիջևանը, ավելի քան 11․000քկմ Արցախը, 6500քկմ Ջավախքը։ Ընդհանուր տարածքային կորուստը՝ 56․500քկմ։
1990-ականների արցախյան ազատամարտում ադրբեջանցիներն ունեին մի քանի անգամ ավելի շատ զորք ու ԽՍՀՄ-ից ձեռք բերված զինտեխնիկա, բայց հայերը հաղթեցին, քանի որ որոշել էին ազատագրել հայկական տարածքը՝ հանուն պետականության։
2020-ին հայ ժողովրդի շարքերում հաճախ լսվում են խոսակցություններ՝ մենք դեռ պատրաստ չենք պետականության, արհամարհանք ՀՀ-ի նկատմամբ, ծաղր մեր պետությանը։ Սա ամենաքայքայիչ երևույթն է։
Անկախ կուսակցական, քաղաքական, սեռական կամ կրոնական կողմնորոշումից՝ պետականությունը ամենաբարձրն է»։