Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է նախագիծ, որով պաշտպանության նախարարությունը նախատեսում է համակարգի պաշտոնատար անձանց գործուղումների մասին տվյալները չհրապարակել։ Կառավարության 2016 թվականի N 982-Ն որոշմամբ՝ ինտերնետային կայքում հրապարակվում են պետական մարմինների գնած ավիատոմսերի մասին տեղեկությունները՝ բացառությամբ ՀՀ նախագահի և Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց համար, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի։
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ՊՆ գործուղումների վերաբերյալ տվյալների հրապարակումների կանխմանը, ինչպես նաև զինված ուժերում գաղտնիության ռեժիմի ապահովմանն ընդհանրապես:
Ըստ նախագծի՝ որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումներ մեկնելու նպատակով գնված ավիատոմսերի մասին հրապարակված տեղեկատվության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով, ինչպես նաև այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների անվտանգությամբ պայմանավորված է զինված ուժերի և այդպիսով՝ պետության անվտանգությունը, կարելի է եզրակացնել, որ ՊՆ կողմից ձեռք բերված ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստը ինքնին կրում է գաղտնի բնույթ։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը դժվարացավ հստակ դրական կամ բացասական որակել նախագիծը։ «Նայած, թե ոնց կկիրառվի օրենքը։ Եթե իշխանությունը խնդիր է դրել գործուղումները գաղտնի պահել, այդ դեպքում իհարկե բացասական է։ Բայց կարող եմ ասել, որ նման անվտանգության խնդիրներ կան։ Մեր պաշտպանության նախարարության բարձր օղակի պաշտոնյաները չունեն հատուկ պաշտպանություն։ Ենթադրենք, ինքը գնում է որևէ երկիր։ Հակառակորդի հատուկ ծառայությունները եթե մի քիչ ճարպիկ լինեն, այդ մարդու գլխին հարյուր փորձանք կարող են բերել։ Այս խնդիրը կա։ Անկեղծ ասած, չեմ ուզում մեկնաբանել, որովհետև մի կողմից՝ մանր խնդիր է, մյուս կողմից՝ քաղաքական որոշման խնդիր է։ Բայց մի բան հստակ է, որ անվտանգության խնդիրը կա»,- կարծիք հայտնեց փորձագետը։ Մհեր Հակոբյանի խոսքով ՝ բոլոր պետությունների բանակներն այս խնդիրն ունեն։
Փորձագետը խորհուրդ տվեց այս որոշումը դրական ընդունել, ոչ թե մտածել, որ ՊՆ-ն հանրությունից ինչ-որ բաներ է թաքցնում։ «Ինչքան ես հասկանում եմ, ՊՆ գործուղումները օգտակար գործողության գործակցի առումով ամենաբարձրն են։ Որպես կանոն, իզուր չեն գնում արտասահման՝ ի տարբերություն շատ այլ կառույցների»,- տեսակետ հայտնեց Մհեր Հակոբյանը։
Մեր զրուցակիցը շեշտեց, որ կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից նման որոշումների բաց կամ փակ լինելը դեռ բավարար չէ։ «Որպես իրավաբան ասեմ՝ ամեն ինֆորմացիայի բաց լինելը դեռևս կոռուպցիայի կանխարգելման պայման չէ։ Տեսեք, բաց լինելու իմաստը որն է։ Այն է, որ հասարակությունն իմանա։ Իսկ դա դեռ կոռուպցիայի կանխարգելման միջոցներից մեկն է։ Եթե մենք ունենք արդյունավետ պետաիրավական համակարգ, վերահսկողություն, հսկողություն, նախ պետք է կոռուպցիան կանխենք։ Եթե մենք ստեղծենք նորմալ վարչաիրավական համակարգ, նախարարն ու վարչապետը կորոշեն՝ արժե՞ այդ գործուղմանը գնալ, թե՞ չարժե։ Դրանից հետո հաջորդ քայլը՝ վերահսկողական մարմինները համապատասխան ստուգումներ կիրականացնեն՝ էֆեկտի՞վ էր, թե՞ ոչ։ Մենք կոռուպցիայի կանխարգելման հարցում շեշտադրում ենք իմանալը, բայց իմանալը դեռ քիչ է։ Գուցե լավ բան է, բայց կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից քիչ է։ Էֆեկտիվ չէ զուտ իմանալու վրա շեշտադրում անելը։ Պետությունը պետք է ներքին մեխանիզմներ ունենա, որպեսզի նախ՝ արդյունավետ լինի գործընթացը, հետո ունենա մեխանիզմներ, որոնք անարդյունավետության դեպքերը կպատժեն։ Նման խնդիր կար վարչապետի անվտանգության ծախսերի հետ կապված։ Ամեն քաղաքական իշխանություն ինքը պետք է որոշի ու պատասխանատվություն կրի դրա համար»,- մանրամասնեց Մհեր Հակոբյանը, ավելացնելով՝ սա այն հարցն է, որը միանշանակ դրական կամ բացասական պատասխան չունի։