Մայիսի 18-ից 22-ն ադրբեջանական բանակի լայնածավալ օպերատիվ մարտավարական զորավարժություններ կանցկացվեն: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորավարժություններին կմասնակցի մինչեւ 10.000 զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային համալիր, բազմակի հրթիռային համակարգեր եւ ականանետեր, բանակի եւ առաջնային ավիացիայի մինչեւ 30 միավոր, ինչպես նաեւ տարբեր նպատակների անօդաչու թռչող սարքեր:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստության, օպերացիաների պլանավորման եւ համակողմանի աջակցության, զորքերի տարբեր տեսակների եւ կառավարման տարբեր մարմինների փոխգործակցության հարցերը, կստուգվեն զորավարժությունների պայմաններում ստեղծված հարվածային խմբավորումների մանեվրային եւ կրակային հնարավորությունները:
Նախատեսվում է զորքերի օգտագործում ընտրված ուղղություններով, հրթիռային ուժերի եւ հրետանու զանգվածային հարվածներ, ավիացիայի ռումբային հարվածներ, ինչպես նաեւ ճշգրիտ միջոցների օգտագործում թշնամու զորքերի օպերատիվ զորաշարվածության ողջ խորությամբ:
Զորքերի պրակտիկ գործողությունների ստուգումը կիրականացվի տարբեր ուսումնական կենտրոններում եւ հրաձգարաններում: