Ֆրանսիայում գրանցվել է Կավասակի համախտանիշի բռնկում, որը վտանգավոր մանկական հիվանդություն է և կարող է կապ ունենալ կորոնավիրուսի համաճարակի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


Ֆրանսիացի գիտնականների տվյալների համաձայն, Փարիզի հիվանդանոցներ են տեղափոխվել Կավասակի հիվանդությամբ 17 անչափահասներ։ «Կավասակի համախտանիշի ընթացիկ բռնկումը կարող է կապ ունենալ SARS-CoV2-ի հետ և աղեստամոքսային խնդիրներով աֆրիկյան ծագմամբ երեխաների մեծ տոկոս է ներառում»,- ասվում է նրանց հրապարակած զեկույցում։

ԱՄՆ Նյու Յորքի նահանգում գրեթե հարյուր երեխաների մոտ Կավասակի հիվանդությանը նման բորբոքային համախտանիշ է հայտնաբերվել, որը ենթադրաբար կապված է կորոնավիրուսի հետ։ Նահանգապետ Էնդրյու Կուոմոն հաղորդել է, որ բորբոքային համախտանիշով երեք անչափահասներ մահացել են։ Նրանց թվում 18 տարեկան մի աղջիկ, յոթ և ութ տարեկան տղաներ։ Նշվում է, որ հիվանդանոց ընդունվելու պահին նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Եվս երեք անչափահասներ են հիվանդանոց տեղափոխվել ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգում բորբոքային համախտանիշի ախտանշաններով։


Վերջին տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածության 4,5 միլիոն դեպք է գրանցվել։ SARS-CoV-2-ի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 300 հազարը։