Էպենդորֆում համբուրգյան համալսարանական կլինիկայի (UKE) գիտնականները SARS-CoV-2 վիրուսի մասնիկներ են գտել պացիենտների երիկամներում, սրտում, լյարդում եւ գլխուղեղում: Սա կարող է բացատրել COVID-19-ի ախտանիշների լայն սպեկտրը:
Նշված գիտնականների հետազոտության մեջ հաղորդվում է, որ մարդու օրգանիզմում հայտնվելով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսը հարձակվում է ոչ միայն թոքերի, այլեւ մյուս օրգանների վրա:
Միկրոկենսաբանության հետազոտությունների շրջանակում դատաբժշկական փորձագետները վերլուծել են COVID-19-ի 27 զոհերի դիահերձման արդյունքները: Վիրուսային մասնիկների ամենամեծ խտությունը հայտնաբերվել է շնչառական համակարգում: Բայց SARS-CoV-2-ի հետքեր են գրանցվել երիկամներում, սրտում, լյարդում, գլխուղեղում եւ արյան մեջ:
Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Տաբիաս Հուբերը նշել է, որ մասնագետները կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներին բուժելիս պետք է ուշադրություն դարձնեն մյուս օրգանների հնարավոր ախտահարմանը:
Գիտնականների խոսքով՝ մի քանի օրգաններում վիրուսի առկայությունը կարող է բացատրել ախտանիշների լայն սպեկտրը, որոնք ի հայտ են գալիս վարակվելու դեպքում: Սա կարող է նաեւ բացատրել COVID-19-ով պացիենտների մոտ երիկամային անբավարարության չափազանց բարձր հաճախությունը:
Գիտնականները ստացած տվյալների լույսի ներքո խորհուրդ են տալիս մեզի անալիզ կատարել հիվանդության ամենասկզբում՝ պարզելու համար, թե արդյոք պացիենտն ունի երիկամների հետ կապված խնդիրներ: