Հինգ տարին էլի համաշխարհային առողջապահական հանրության կողմից մեջբերվող թիվ է, որը վերաբերում է հետեւյալին, որ եթե նույնիսկ մենք հայտնաբերենք դեղամիջոցը, որն էֆեկտիվորեն կբուժի հիվանդությունը, միեւնույն է 5 տարի է մոտավորապես անհրաժեշտ, որպեսզի մենք այն ամբողջությամբ կառավարենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, «Ազատություն» ռադիկոյանին տված հարցազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք շատ հոռետեսական չէ՞ ձեր հաշվարկը, որ մոտ 5 տարի կարող է այս համաճարակի վերջը չերեւալ։


«Երկրի ազգաբնակչությունը 7.8 միլիարդ է, եւ այդքան պատվաստանյութ միայն արտադրելն այնպիսի ջանքեր է պահանջում, հետո հարց է՝ արդյոք 1 դոզա է պե՞տք, թե՞ 2, արդյոք այդ պատվաստանյութը պե՞տք է անել ամեն տարի, թե՞ դա երկարատեւ իմունիտետ կառաջացնի, եւ նույնը վերաբերում է դեղամիջոցին։ Այս ամենը 100 տոկոս կառավարելի դարձնելու համար տարիներ են անհրաժեշտ, միգուցե դա չլինի ինչպես հիմա, այդպիսի բռնկումներ չլինեն, ինչպես Իտալիայում եղավ, Իրանում կամ այլ երկրներում, բայց միեւնույն է մենք ապրելով նրա հետ պետք է փորձենք նրան կառավարել, ինչպես փորձել ենք կառավարել մնացած բոլոր վարակիչ հիվանդությունները։ 5 տարին այդքան էլ մեծ թիվ չէ»,– ասաց նա։

Հարցին, որ առջեւում ամառ է, եթե որոշ երկրներ բացեն սահմանները, արդյոք խորհուրդ տրվո՞ւմ է մեկնել հանգստի եւ արդյոք վերադառնալուց հետո պարտադիր ինքնամեկուսացում կպահանջվի՞, Թորոսյանը պատասխանեց. «Ես ինքս, օրինակ, չեմ լքի Հայաստանը, ոչ թե նրա պատճառով, որ վերադառնալուց պետք է պարտադիր ինքնամեկուսացվեմ, այլ այս արտակարգ իրավիճակը ցույց տվեց, որ պատկանելիությունը երկրին եւ քաղաքացիությունը շատ կարեւոր է քո մասին հոգ տանելու տեսանկյունից։ Եթե ես վստահ կլինեմ, որ եթե գնամ մի այլ երկիր եւ այնտեղ հիվանդանալու դեպքում այդ երկիրն իմ մասին հոգ կտանի եւ չեմ մնա առանց խնամքի, միգուցե գնամ իմ գործերով կամ գուցե հանգստի համար, բայց եթե անկեղծ ասեմ, ես նման վստահություն չունեմ, եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։ Իրավիճակը շատ արագ է փոխվում եւ ոչ մի երաշխիք չկա, որ այսօր բացվող սահմանները վաղը նորից չեն փակվի, ոչ մի երաշխիք չկա, որ օրինակ Իտալիայում չի լինի երկրորդ բռնկումը, չկան երաշխիքներ դրա համար խորհուրդ չեմ տա հեռուն գնացող պլաններ ունենալ եւ կանխատեսումներ անել»։


Նախարարը վերջում անդրադարձավ նաեւ մարզասրահներում լողավազաններից օգտվելու մտահոգություններին. «Քլորը սպանում է բոլոր բակտերիաները եւ վիրուսները, ավելի քիչ փոխանցման աղբյուր է, քան մարզասրահի սարքերը, որոնցով կարելի է վարակվել ձեռքով դիպչելու միջոցով, դրա համար էլ կրկին անհրաժեշտ է կրել դիմակ եւ ձեռնոցներ»։