Սիրում եմ ձեզ իմ թշնամիներ այն բանի համար, որ օգնեցիք ինքս ինձ գտնել ու կայանալ, դժվարությունների առջև չխոնարվել ու մարդկանց շատ ավելի լավ ճանաչել:
Թշնամիներ, ինչպես նաև ոչ բարին կամեցողներ ունենալն այս կյանքում այդքան էլ հազվադեպ երևույթ չէ, հատկապես այն դեպքում, երբ որևէ հաջողության ես հասել: Գործընկերները, բարեկամները նույնիսկ ընկերները կարող են նախանձի և ատելության կողմն անցնել՝ ամեն կերպ ցանկանալով (երբեն նույնիսկ չգիտակցելով), որ ձեզ մոտ ոչինչ չստացվի: Ձեզ մի ցածրացրեք և մի հասեք վիճաբանությունների ու վրեժխնդրության մակարդակին, հակառակ դեպքում դուք էլ կնմանվեք նրանց: Հատկապես, որ թշնամին դիմացինին վնաս հասցնելով առաջին հերթին ինքն իրեն է վնասում:
Կարդացեք այս շատ իմաստուն առակը:
Առակ թշնամիների մասին
Մի պետություն կար, որտեղ այնքան շատ էին հավատում նախախնամությանը, որ սովորության համաձայն մահվանը դատապարտվածին մինչ մահապատժի ենթարկելը հնարավորություն էր տրվում մասնակցել ճակատագրի վիճակահանությանը: Պարկում կային միայն երկու թուղթ «կյանք» և «մահ» գրությամբ: Երբ դատապարտյալը քաշում էր առաջին թերթիկը նրան ողորմում էին ու բաց թողնում, իսկ երբ քաշում էր երկրորդը, ապա մահապատիժն անմիջապես իրականացվում էր: Այդպիսով յուրաքանչյուր դատապարտյալ մինչև վերջին րոպեն փրկության հույս էր ունենում:
Մի մարդ բացեց իր գործը, որը սկսեց ծաղկել ու հաջողություն բերել նրան: Ինչպես դա հաճախ է պատահում` հաջողության հետ մեկ տեղ նրա կյանքում հայտնվեցին նրա լավը չկամեցող շատ մարդիկ: Սկզբում նրանք զրպարտելով հասան այն բանին, որ այդ մարդուն ձերբակալեն, իսկ հետո մահվան դատապարտեն:
Իմանալով, որ դատապարտյալը փրկվելու հնարավորություն ունի նրանք խաբեությամբ պարկի միջից գողացան «կյանք» գրությամբ թուղթը և այնտեղ գցեցին երկրորդ «մահ» գրությամբ թուղթը: Այդպիսով թշնամիներն այդ մարդուն փրկվելու ոչ մի հնարավորություն չթողեցին՝ որ թուղթն էլ նա քաշեր նրան մահվան դատավճիռ էր սպասվում:
Այդ մարդն ուներ նաև ընկերներ, որոնք իմանալով թշնամիների արարքը բանտ ներթափանցեցին և դատապարտյալին պատմեցին ամեն ինչ՝ խորհուրդ տալով այդ մասին պատմել նաև դատավորներին, որպեսզի վերջիններս նախապես ստուգեն պարկի միջի թղթերը:
Բայց, որքան էլ որ տարօրինակ էր, դատապարտյալն այդ լուրը լսելով ուրախացավ ու խնդրեց իր ընկերներին այդ մասին չասել ոչ մեկին ու հայտարարեց, որ դա կփրկի իրեն: Ընկերներին թվաց, թե նա մահվանից առաջ խելքը թռցրել է. բայց նրանք կատարեցին իրենց ընկերոջ ցանկությունը ու լռեցին:
Հաջորդ առավոտ այդ մարդը քաշեց վիճակահանության թուղթը և նրան ազատություն տրվեց:
Ինչպես թշնամիները, այնպես էլ ընկերները շատ զարմացան, թե նա ինչպես կարողացավ դուրս գալ այդ անելանելի վիճակից:
Մարդը վարվեց հետևյալ կերպ՝ տոպրակի միջից հանելով թերթիկը առանց կարդալու նա անմիջապես կուլ տվեց այն: Դատավորներին ոչինչ չէր մնում, բացի ստուգելուց, թե որ գրությամբ թուղթն է մնացել պարկում: Տեսնելով, որ պարկում մնացել է «մահ» գրությամբ թերթիկը որոշեցին, որ դատապարտյալը պարկից հանել էր «կյանք» ը: Հետևաբար մարդուն ազատ արձակեցին:
Այսպիսով, այդ մարդու մահը կամեցողները ակամայից փրկեցին նրա կյանքը:
Մի մոռացեք, որ թշնամիները վատ կյանքից չէ, որ ի հայտ են գալիս: Եթե դուք թշնամիներ ունեք ուրեմն դուք արժանի եք այն բանին, որ ձեզ նախանձեն:
Նյութի աղբյուրը՝ mediamag.am