«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության ղեկավարին հարց էր ուղղել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շուրջ՝ հետաքրքրվելով նաեւ, թե, օրինակ, ինչ է սպասվում Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերության եւ Մանվել Գրիգորյանի ունեցվածքի պարագայում, երբ արդեն գրավադրված են նրանց գույքերը:
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել էր. «Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու՝ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցի մասին»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազության ներսում արդեն քննարկումներ կան, թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Որպես ամենահավանական թեկնածու շրջանառվում է այժմ դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Մելքոնյանի անունը:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ճշտելու ինֆորմացիան, որտեղից հայտնեցին. «Այս փուլում այդ ստորաբաժանման մեջ ընդգրկվելիք դատախազների, գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է: Ամբողջ համալրման գործընթացը լինելու է հրապարակային, մրցակցային, եւ բոլորը տեսնելու են՝ ովքեր են դիմել եւ ովքեր են նշանակվել», - նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նկատենք, որ չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը ստորագրել է մայիսի 11-ին, եւ այն պետք է ուժի մեջ մտնի 10 օր անց, այսինքն՝ մայիսի 21-ից, սակայն ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը կարող է սկսվել միայն Գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Եվ ինչպես պարզվեց, այդ օրն այնքան էլ մոտ չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում