Քիչ առաջ Արցախի նորընտիր Ազգային ժողովը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:
Փակ քվեարկությամբ 27 կողմ, 4 դեմ ձայներով ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց Գագիկ Բաղունցը:
Ներկայացնելով ԱԺ նախագահի թեկնածուի կենսագրական տվյալները՝ նիստը վարող «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն ասաց, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ. ապրիլի 30-ին, երբ Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ:
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար: 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 2010-2015թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Եղել է արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2005-2006թթ.՝ կուսակցության համանախագահ:
2007-2009թթ. Եղել է կուսակցության նախագահ, 2005թ.-ից՝ կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ: Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավարն է: Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Իր խոսքում Արթուր Թովմասյանը շնորհավորեց նորընտիր խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերին եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք: Շնորհակալություն հայտնելով նախորդ երեք գումարումների խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանին՝ համատեղ երկարատեղ աշխատանքի համար, նա ընդգծեց, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր եւ տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն:
Թովմասյանն իր ելույթում ասաց, որ այս տարի Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները փաստում են՝ Արցախը որպես անկախ պետություն կայացել է.
«Կցանկանայի՞ խորհրդարանում տեսնել նաեւ այն ուժերին, որոնք չընտրվեցին, իհարկե կցանկանայի, բայց ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց նա:
Ապա Թովմասյանը շնորհակալություն հայտնեց Աշոտ Ղուլյանին, որը 15 տարի եղել է Արցախի ԱԺ նախագահ. «Մի դրվագ պատմեմ Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբի գործունեությունից: Նրա ելույթը մինչեւ հիմա իմ ականջներում է: Ես այդ հպարտությունը ապրեցի Փարիզ քաղաքում: Հպարտացա, որ նա է Արցախի ԱԺ նախագահը»,- ասաց նա:
Թովմասյանը ընդգծեց, որ ինքն ու Ղուլյանը երկու քրոջ թոռներ են: Ասաց, որ Ստեփանակերտում այժմ ներդրումներ են իրականացվում, եւ շուտով 250 աշխատատեղով ծխախոտի գործարան կբացվի՝ 150 000 դրամ նվազագույն աշխատավարձով:
«Թիրախները կորոշեք, կասեք, թե կոռումպացված նախարարներն ովքեր են, եւ դրանով օգտակար կլինեք երկրի զարգացման գործին: Մենք հաշվի կառնենք այդ ամենը, եթե համապատասխանի իրականությանը»,- պատգամավորներին ուղղված իր խոսքում ասաց նա:
Նշենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում Թովմասյանին առջադրեց «Ազատ հայրենիք» կուսակցությունը: «Արդարություն» կուսակցությունը առաջադրեց Վահրամ Բալայանի թեկնածությունը:
Բալայանը ինքնաբացարկ հայտնեց՝ ասելով. «Գտնում եմ, որ Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները պետք է կատարի քաղաքական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժի ներկայացուցիչը: Ես մեծ պատասխանատվությամբ եւ գոհունակությամբ իմ ձայնը կտամ պարոն Թովմասյանին»:
Նորընտիր խորհրդարանն այսօր ընտրեց նաեւ հաշվիչ հանձախմբի կազմ. նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, իսկ քարտուղար՝ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հաշվիչ հանձնախմբում ընդգրկվեցին ամեն խմբակցությունից մեկական պատգամավոր։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքներով Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են քաղաքական 5 ուժեր: Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները: