Մայիսի 18-ից Հայաստանի մարզերում, իսկ 20-ից Երեւանում բացվել են մանկապարտեզները: Տարածվող վարակի պարագայում երեխաների համար մտահոգություններն ավելանում են մանավանդ Եվրոպայից ստացվող լուրերով. այստեղ, կորոնավիրուսին զուգընթաց թափ է հավաքում Կավասակիի համախտանիշը, որ բավական ծանր մանկական հիվանդություն է՝ տենդով, աչքերի կարմրությամբ, մաշկային ցանով ու թարախային արտադրությամբ ուղեկցվող:
Այսօր ասուլիսում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ Կավասակի համախտանիշին՝ նշելով. «Նյու Յորքում, Ֆրանիայում եւ Իտալիայի հյուսիսում Կավասակի սինդրոմի տարածման մասին տեղյակ ենք եւ արդեն միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի եթե մեզ մոտ նման դեպքեր արձանագրվեն, անհրաժեշտ միջոցառումներն իրականացնենք: Կավասակի սինդրոմով երեխաների վիճակագրությունը Հայաստանում այս տարի, բարեբախտաբար, որեւէ կերպ չի փոխվել: Մենք մինչ օրս ունեցել ենք ընդամենը երեք նման դեպք: Կավասակի սինդրոմը աուտոիմուն է, հաճախ՝ անհայտ պատճառով, ունի սիմպոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է մի բավական թանկարժեք դեղորայք, որի պաշարը գնել ենք՝ համապատասխան կանխատեսումներով, որ եթե լինի, քանի դեպք կարող ենք ունենալ»:
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակված է 270 երեխա՝ մինչեւ 18 տարեկան քաղաքացի, որոնցից միայն երկուսն ունեն թոքաբորբ՝ թեթեւ ընթացքով: «Մեր սեփական փորձով էլ տեսնում ենք, որ երեխաները թեթեւ են տանում»,- ասաց նա՝ այնուամենայնիվ կարեւորելով փոքրիկների անվտանգության համար հոգ տանելը:
«Եթե մենք պետք է գնանք երեխայի հետ որեւէ փակ տարածք՝ խանութ, շենք, մենք դիմակ ենք կրում, անհրաժեշտ է, որ երեխաները եւս դիմակ կրեն: Խոսքը կրծքի երեխաների մասին չէ, բայց քայլող-հասկացող երեխաներին պետք է բացատրել այդ նորմը»,- ասաց նա:
Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսակիր հիվանդների մեջ կա նաեւ 27 հղի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: